Ազգային արժանապատվության վերականգնման ձգտումն արվեստում․ Թեքեյան կենտրոնում ցուցադրվեց թեմատիկ ֆիլմը

Ապրիլի 26-ին Թեքեյան Կենտրոնում կայացավ հայոց պատմության ամենանշանավոր էջերից մեկին` Նեմեսիսին  նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ազգային արժանապատվության, արդարադատության վերականգման գաղափարը միավորել էր արվեստագետների, որոնք իրենց ստեղծագործությունների միջոցով են արտահայտվում:

Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն հիշել պատմական արդարության համար մղված պայքարը, այլ նաև նոր սերնդին ներկայացնել այդ ժամանակաշրջանի բարդ ու հաճախ չբացահայտված իրադարձությունները։ Ֆիլմը անդրադարձավ այն գաղտնի գործողություններին, որոնց միջոցով հայ քաղաքական գործիչները ևպատվախնդիր հայ երիտասարդների խմբերը հետապնդում էին Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին։

Երեկոն նաև հարստացավ մշակութային կարևոր ժեստով․ նկարիչ Անդրեյ Շուգարովը թեմատիկ ցուցադրությանը նվիրեց իր կտավներից մեկը՝ նվիրված նույն թեմային։ Նկարիչը ընդգծեց արվեստի դերը պատմական հիշողության պահպանման և փոխանցման գործում։ նրա խոսքով՝ կտավը ի սկզբանե նվիրված է եղել այս գաղափարին։

Նկարիչը Սևանի քարերի միջոցով փորձել է փոխանցել ժամանակի ընթացքում չմարող ցավն ու միաժամանակ ամրությունը, որով հայ ժողովուրդը հաղթահարել է պատմական փորձությունները։ Քարերի կոշտ ու լուռ ներկայությունը կտավում ընդգծում է ինչպես կորուստների ծանրությունը, այնպես էլ արդարության անխախտ գաղափարը՝ կապելով բնությունը պատմական հիշողության հետ։

Նկարիչ Շմավոն Շմավոնյանը ևս ներկայացրել էր նույն թեմային նվիրված իր կտավը, որտեղ պատկերել էր Թբիլիսիի հայտնի փողոցներից մեկը, որտեղ Արտաշես Գևորգյանը փայլուն իրագործել էր իր առջև դրված խնդիրը, այդպիսով մեկ քայլով ևս մոտենալով պատմական արդարության վերականգնմանը։

Նման ցուցադրությունները կարևոր դեր ունեն պատմական հիշողության պահպանման և հասարակական քննարկումների խթանման գործում՝ ստեղծելով հարթակ անցյալի իրադարձությունները վերաիմաստավորելու և հասկանալու համար։

Leave a Comment