«Իմա՞ստը», «Արարատը մերն է», «Նիկոլը էնցիկլոպեդիա է»․ հարցում՝ նոր անձնագրի մասին

ՀՀ քաղաքացիներն արդեն առաջիկա աշնանը կենսաչափական նոր անձնագրեր կունենան։ Անձնագրի նմուշը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցուցադրել էր ֆեյսբուքյան իր էջում։

Նոր անձնագրի կազմը կարմիր գույնի է։ Արարատ լեռը պատկերված է միայն անձնագրի կազմի դիմերեսին՝ ՀՀ զինանշանի համատեքստում։ Հատկանշական է, որ Խոր Վիրապի պատկերի հետնաֆոնին Արարատ լեռան փոխարեն Արարատյան դաշտավայրն է պատկերված։ Անձնագրի էջերը ձևավորված են ՀՀ մարզերի, Մայր Աթոռի, Գառնու տաճարի, Էրեբունի ամրոցի, այբուբենի, Հայաստանի տեսարժան վայրերի պատկերներով։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ կարծիք ունեն նոր անձնագրի և դրա ոճային ձևավորման մասին։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Արարատ լեռան պատկերի հետ կատարված փոփոխությանը:

«Շատ վատ եմ վերաբերում, որովհետև մեր լեռն է, ինչո՞ւ են հեռացնում»,- կարծիք է հայտնել քաղաքացիներից մեկը։

Արարատ լեռան պատկերը նոր անձնագրերում ստվերելու հարցում քաղաքացիներից շատերը թաքնված միտում են տեսնում և դրանով պայմանավորված՝ վատ կանխատեսումներ անում ապագայի վերաբերյալ։

«Ուղիղ միտում եմ տեսնում, դա ցուցում է, և գիտակից հայը կզգա»,- երևույթն այսպես է մեկնաբանել մեկ այլ քաղաքացի։

Նոր անձնագրերի ոճային և բովանդակային փոփոխությանը քաղաքացիներից միայն քչերն են դրական կարծիք հայտնել՝ չմանրամասնելով պատճառները։

«Համաձայն եմ, եթե ղեկավարությունը գտնում է, որ դա ճիշտ է, ուրեմն ճիշտ է»,- կառավարության նոր որոշման մասին այսպես է արտահայտվել քաղաքացին։

Հարցվածների թվում էին նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք նշել են խորհրդանշական տեսանկյունից Արարատ լեռան կարևորության մասին։

«Մենք սիրում ենք Արարատը, Արարատը մերն է, ինչո՞ւ են հանում»,- այսպես է արտահայտվել մի իրանահայ։

Որոշ քաղաքացիներ դեռ ամբողջովին չեն հասցրել ծանոթանալ նոր անձնագրերի մասին տեղեկությանը, սակայն դեմ են, քանի որ անիմաստ ֆինանսական ծախս են համարում։ 

«Նախորդ անձնագրերն էլ վռազ-վռազ հանեցին, ոչ էլ օգտագործում ենք։ Նոր անձնագրերն անիմաստ ծախս եմ համարում»,- ասել է քաղաքացին։

Քաղաքացիների մի մասն էլ չի ցանկացել մեկնաբանել կառավարության նոր որոշումը՝ կա՛մ իրեն իրավասու չհամարելով, կա՛մ պարզապես անիմաստ գտնելով դրան անդրադառնալը։

Դեռևս 2025թ․ կառավարության որոշմամբ ՀՀ մուտքի և ելքի սահմանահատման կնիքի վրայից հանվել էր Արարատ լեռը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment