Nikkei. Ճապոնիան չի վճարել Իրանին Հորմուզի նեղուցով լցանավի անցնելու համար

Ճապոնական Nikkei բիզնես թերթը հաղորդում է, որ Ճապոնիայի իշխանությունները Թեհրանին չեն վճարել «Իդեմիցու Մարու» լցանավի Հորմուզի նեղուցով անցնելու համար։

Ճապոնական կառավարությունում թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նավի անցումը հնարավոր է դարձել իշխանությունների և իրանական կողմի միջև բանակցությունների շնորհիվ։ «Սա Ճապոնիայի կառավարության կողմից վարված բանակցությունների արդյունքն է։ Մենք որևէ վճար չենք արել լցանավի անցման համար», – թերթը մեջբերում է կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

Ավելի վաղ «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ճապոնական «Իդեմիցու Մարու» լցանավը Հորմուզի նեղուցով անցել է Իրանի օգնությամբ։ Լրատվական գործակալության տվյալներով՝ ճապոնական «Իդեմիցու Կոսան» նավթավերամշակման գործարանին պատկանող և 2 միլիոն բարել նավթ տեղափոխող նավը փետրվարի վերջից գտնվում էր Սաուդյան Արաբիայի ափերի մոտ։ Ճապոնական ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ՝ վկայակոչելով անվտանգության հետ կապված մտահոգությունները։

Leave a Comment