«Բարսելոնան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հրաժեշտ տա պաշտպանական գծի մի քանի առաջատար ֆուտբոլիստների։
Ինչպես հաղորդում է Diario SPORT պարբերականը, ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել իսպանացի Ալեխանդրո Բալդեի, ֆրանսիացի Ժյուլ Կունդեի և ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերային առաջարկները։ Ընդ որում, կատալոնացիները մտադիր չեն զիջումներ անել պոտենցիալ գնորդներին և ակնկալում են խոշոր գումար վաստակել այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի վաճառքից։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գոհ է պաշտպանների ելույթներից, և նրանք շարունակում են մնալ գերմանացի մասնագետի ծրագրերում։ Այնուամենայնիվ, ֆինանսապես շահավետ առաջարկների դեպքում «Բարսելոնան» պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ակումբից հեռանալու ամենահավանական թեկնածուն Ալեխանդրո Բալդեն է։ 22-ամյա ձախ պաշտպանի տրանսֆերային արժեքի մեկնարկային գինը սահմանվել է 50 միլիոն եվրո։ Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 55 միլիոն եվրո։