
Ապրիլի 28-ին Կարսում հանդիպել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը:
Արտգործնախարարությունից հաղորդում են, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում հայկական ու թուրքական կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերին անցկացրել էին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել էր՝ երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Անկարան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս Թուրքիայում էր հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան Ադրբեջանի ազդեցության գերին է: