Չեմ կարծում, թե նրանք կկարողանան հասնել ՉԼ եզրափակիչ․ Նևիլը՝ «Արսենալի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Լոնդոնի «Արսենալի» հեռանկարների վերաբերյալ իր կարծիքով։ Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Արսենալի» մրցակիցը լինելու է Մադրիդի «Ատլետիկոն»։

«Այս ֆուտբոլիստներից շատերը չգիտեն՝ ինչպես հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նրանք այնքան մոտ են եղել հաջողությանը չեմպիոնական մրցավազքում և այժմ ամեն կերպ կցանկանան բաց չթողնել այն։ Իսկապես կարծում եմ, որ Արտետան չպետք է նախապատվությունը տա մի մրցաշարին մյուսի հաշվին, սակայն նա հասկանում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում այժմ ավելի հեշտ է հաղթել, քան Չեմպիոնների լիգայում։

Այնտեղ կան ավելի ուժեղ թիմեր, քան նրանք են։ Չեմ կարծում, թե կիսաեզրափակչում նրանք կանցնեն «Ատլետիկոյին», բայց տեսնում եմ, որ ներքին առաջնությունում նրանք շանսեր ունեն»,-անգլիացի փորձագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

«Ատլետիկոյի» և «Արսենալի» միջև առաջին դիմակայությունը կկայանա ապրիլի 29-ին։

Leave a Comment