Կուսակցությունները և դաշինքները ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել

Կուսակցությունները/կուսակցությունների դաշինքները ԿԸՀ-ի կողմից ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած վճարումներից։ Iravaban.net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հիմնադրամները կարող են բացվել հետևյալ բանկերում՝

  •   Արդշինբանկ ՓԲԸ
  •   Հայէկոնոմբանկ ԲԲԸ
  •  ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
  • Յունիբանկ ԲԲԸ 
  •  ՎՏԲ –Հայաստան բանկ ՓԲԸ
  • Ֆասթ բանկ ՓԲԸ

Ազգային ժողովի ընտրությունների պարագայում հիմնադրամից կատարված ծախսերի առավելագույն սահմանաչափն է 800 միլիոն դրամը։

Հիմնադրամից կատարվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերն են՝

  • Զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները,
  • Սոցիոլոգիական հարցումները և հետազոտությունները,
  • Վստահված անձանց փոխհատուցման ծախսերը,
  • Քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման և տարածման ծախսերը,
  • Ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը,
  • Մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը, 
  • Դահլիճների, տարածքների վարձակալության ծախսերը,
  • Տրանսպորտի վարձակալության/ բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը։
  • Հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր
  • Ընտրական շտաբների կոմունալ ծախսեր
  • Տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսեր
  • Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների  կոմունալ ծախսեր

Հայտարարագրման ենթակա ծախսերը չներառելն առաջացնում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով: Կատարված ծախսերի սահմանաչափի գերազանցումն առաջացնում է վարչական տույժ՝ սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։

Եթե սահմանված ուղղություններով կատարված ծախսերի և  պետական բյուջե վճարվող տուգանքների  գումարն ավելին է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափի 120 տոկոսից, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը։

Leave a Comment