Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անելու ամեն ինչ, ինչը բխում է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից՝Մերձավոր Արևելքում շուտափույթ խաղաղություն հաստատելու համար։
«Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ապահովելու համար»,- նշել է պետության ղեկավարը։
Պուտինը նաև տեղեկացրել է, որ հաղորդագրություն է ստացել Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից՝ բարեմաղթանքներ հղելով Իսլամական Հանրապետության ղեկավարին։ Իր հերթին, Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Թեհրանին ցուցաբերվող աջակցության համար և բարձր գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ հաստատելով դրանց հետագա ամրապնդման մտադրությունը։
Հատկանշական է բանակցություններին մասնակցող կազմը. ռուսական կողմից ներկա են եղել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Իգոր Կոստյուկովը, իսկ իրանական կողմից՝ Արաղչիի տեղակալ Կազեմ Ղարիբ-Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպանը։ Սա վկայում է այն մասին, որ հանդիպման առանցքում եղել են ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմավարական ու անվտանգային կարևորության հարցեր։
