Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել Ռուսաստանին. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ռուսաստանին։

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում էր նաև պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, երեկ Փհենյանում մասնակցել է Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտերում զոհված հյուսիսկորեացի զինվորներին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը։

Հյուսիսային Կորեան փորձում է Ռուսաստանում տեղակայված իր զորքերը ներկայացնել որպես զոհաբերության և հավատարմության խորհրդանիշ։

«Հյուսիսային Կորեայի կառավարությունը կշարունակի լիովին աջակցել Ռուսաստանի քաղաքականությանը՝ ուղղված նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության շահերի պաշտպանությանը», – հաղորդել է պետական KRT հեռուստատեսությունը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է միջազգային քաղաքական իրավիճակը։

KRT-ի ցուցադրած տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմը մասնակցում արարողությանը, գրկում զինվորներին, ծաղիկներ դնում հուշահամալիրում։

Հյուսիսային Կորեան մոտավորապես 14 հազար զինծառայող է ուղարկել Կուրսկ՝ ռուսական ուժերի հետ միասին կռվելու ուկրաինական զորքերի դեմ։ Հարավկորեական, ուկրաինական և արևմտյան պաշտոնյաների տվյալներով՝ այդ մարտերում զոհվել է ավելի քան 6 հազար հյուսիսկորեացի զինվոր։

Leave a Comment