Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված, ինչպես նաև հաշվի առնելով կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների առաջարկությունը և հավաքագրված օպերատիվ տեղեկատվությունը՝ «2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է հանրապետության բոլոր մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող՝ 3 գլուխ և ավել կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտներին 2026 թվականին տրամադրել աջակցություն՝ 3-ից մինչև 20 գլուխը ներառյալ կովերի համար, յուրաքանչյուր կովի համար հատկացնելով 15000 դրամի չափով սուբսիդավորում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Անհրաժեշտությունը
«2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարում կաթի արտադրության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Հանրապետությունում, կովերի ծնի սեզոնայնությամբ պայմանավորված (հիմնական ծինը՝ դեկտեմբեր-մարտ ամիսներին), կաթի արտադրության ամսական ծավալները խիստ տարբեր են, որի հետևանքով ապրիլ-օգոստոս ամիսներին կաթի արտադրությունը 3-4 անգամ գերազանցում է հոկտեմբեր-փետրվար ամիսներին արտադրված կաթի քանակությանը՝ էականորեն խախտելով առաջարկ-պահանջարկ համամասնությունը։
Արդյունքում՝ ապրիլ-օգոստոս ամիսներին առաջարկը գրեթե կրկնակի գերազանցում է պահանջարկին, մինչդեռ հոկտեմբեր-փետրվար ամիսներին ստացվում է հակառակ պատկերը։ Այս հանգամանքով պայմանավորված, կաթ մթերող կազմակերպությունները, ապրիլ-մայիս ամիսներից սկսած մինչև հոկտեմբեր, 20-30 դրամով (երբեմն՝ ավելի շատ) նվազեցնում են կաթի մթերման գինը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհությունը։
Իրավիճակը կարգավորելու նատակով առաջարկվում է 1 կգ կաթի հաշվով 20 դրամ փոխհատուցում տրամադրել ապրիլ-օգոստոս ամիսներին արտադրված կաթի ողջ քանակության համար։ Հանրապետությունում կովերի միջին տարեկան կաթնատվությունը տատանվում է 2500-2600 կգ-ի սահմաններում, որի 40 %-ը կամ գրեթե 1000 կգ-ը արտադրվում է ապրիլ-օգոստոս ամիսներին, որից կաթ մթերող կազմակերպություններին ֆերմերները կարող են հանձնել առավելագույնը արտադրված կաթի երեք քառորդը կամ 750 կգ-ը, իսկ 250 կգ-ը կօգտագործեն հորթերի կերակրման կամ սեփական կարիքների համար։
Մթերման ենթակա կաթի քանակության յուրաքանչյուր կգ-ի համար 20 դրամ փախհատուցում տրամադրելու պարագայում 1 կովի հաշվով սուբսիդավորման ենթակա գումարը կկազմի 15000 դրամ (750 կգ ․ 20 դրամ= 15000 դրամ)։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է հանրապետության բոլոր մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող՝ 3 գլուխ և ավել կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտներին 2026 թվականին տրամադրել աջակցություն՝ 3-ից մինչև 20 գլուխը ներառյալ կովերի համար, յուրաքանչյուր կովի համար հատկացնելով 15000 դրամի չափով սուբսիդավորում։
Նախագծով հաստատվում է 2026 թվականին կաթի արտադրության համար տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը։
Աջակցության տրամադրման՝ 3 գլուխ կովերի նվազագույն շեմը սահմանվել է այն տրամաբանությամբ, որ 1-2 գլուխ կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտները հիմնականում իրենց արտադրած կաթը չեն հանձնում մթերող կազմակերպություններին և առավելապես օգտագործում են սեփական կարիքների համար։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման պարագայում հանրապետության մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հազար տնտեսավարող սուբյեկտներ կստանան ֆինանսական աջակցություն, նվազագույնի կհասցվի կաթի մթերման գնի սեզոնային տարբերությունը և կլուծվի ընթացիկ տարվա կաթի մթերման գների հետ կապված խնդիրը։
Բյուջեի ազդեցությունը
Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից հատկացնել 1350,0 մլն դրամ գումար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ էկոնոմիկայի նախարարության բաժնի «9․4․ Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառումից։