Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 2.887 տրիլիոն դոլարի, ինչը 2.9%-ով ավելի է, քան 2024 թվականին։
Ինստիտուտի փորձագետների տվյալներով՝ այս ծախսերը նվազել են Միացյալ Նահանգներում, բայց աճել են 14%-ով Եվրոպայում և 8.1%-ով Ասիայում և Օվկիանիայում։ Ռազմական ծախսերի ամենամեծ ծավալ ունեցող երեք երկրները՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը, միասին ծախսել են 1.480 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ընդհանուրի 51%-ը։
Ռազմական ծախսերը աճել են 11-րդ տարին անընդմեջ։ ՀՆԱ-ում դրանց բաժինը հասել է 2.5%-ի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2009 թվականից ի վեր։ Չնայած տարեկան 2.9% աճի տեմպը զգալիորեն ցածր էր 2024 թվականի 9.7%-ից, այս դանդաղումը մեծապես բացատրվում է Միացյալ Նահանգներում այս ոլորտում ծախսերի անկմամբ, նշում են ինստիտուտի փորձագետները։ Միացյալ Նահանգներից դուրս ընդհանուր ծախսերը 2025 թվականին աճել են 9.2%-ով:
Այս ցուցանիշով 2025 թվականին առաջատար հնգյակում էին Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Հնդկաստանը, որոնք միասին կազմել են համաշխարհային ռազմական ծախսերի 58%-ը: