Իրանը նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին․ Axios

Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել, գրում է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ Axios-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են. ավելի ուշ կընթանան։

Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլ մինչ այս պահը տեղի չի ունեցել: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին վերջին երկու օրում երկու անգամ Իսլամաբադ էր այցելել։

Արաղչին նախօրեին նաև Օման էր այցելել։ Թեհրանն ու Մասկատը պայմանավորվել են փորձագիտական մակարդակում շարունակել քննարկումները Հորմուզի նեղուցի շուրջ։

Թեհրանը հայտարարում է, որ չի ներգրավվի Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններում, քանի դեռ ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակում են իրանական նավահանգիստները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ապրիլի 25-ին չեղյալ էր հայտարարել ամերիկացի բանագնացների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Պակիստան նախատեսված այցը։

Leave a Comment