Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:
Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից, Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Բերդ համայնքը, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինարարական աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ հիմնանորոգվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության 40կմ ավտոճանապարհը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ: Նշվել է, որ այն էապես կրճատել է Երևան-Բերդ ճանապարհի ժամանակահատվածը և համարվում է գործող ճանապարհին այլընտրանք, ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա տեղանքը։
Տ-10-9, /Հ-36/ – Չինչին (Տ-10-38) ավտոճանապարհի 9,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: 2024թ.-ին իրականացվել է 6,9կմ, 2025թ.-ին՝ 2,9կմ ճանապարհային պատվածք, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգվել է նաև դեպի Չինչին գյուղի դպրոց տանող հատվածը։
Վարչապետին են ներկայացվել Հախում գետի վրա՝ Իջևան տանող և արդեն իսկ հիմնանորոգված Իծաքար-Գանձաքար ճանապարհին գտնվող 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջի վերականգնման աշխատանքները։ Դրանք նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։ Կամուրջը լինելու է հետիոտնային։ Վարչապետը կարևորել է պատմական կամրջի վերականգնումը, ինչը ևս կնպաստի այս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Միաժամանակ, վարչապետին են ներկայացվել «Քարակարմունջ»-ի հարակից հատվածում կառուցված պողպատե ֆերմաներով կամուրջը՝ նախատեսված մեքենաների համար։
Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Հ-36, /Մ-4/ Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 928 մլն դրամ: Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։
Իջևան համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Տ-10-26, /Մ-4/ – Խաշթառակ – Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում կամուրջների կառուցման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 396 մլն դրամ: Նշվել է, որ վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն կառուցվել են 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ։
Երկրի ղեկավարին Դիլիջան համայնքում ներկայացվել են Թեղուտ բնակավայրից Հաղարծին տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքները: Արդյունքում հիմնանորոգվել են շուրջ 2,5կմ ավտոճանապարհ, հենապատեր, երկկողմանի մայթեր: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 662 մլն 800 հազար դրամ:
Վարչապետը ծանոթացել է մարզում իրականացված այլ ծրագրերի նույնպես։