Թրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո

Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում տեղի ունեցող միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցներ են հնչել: Միջոցառումը ընդհատվել է, և բոլորին խնդրել են հեռանալ։ Գաղտնի ծառայության գործակալները շտապել են բեմ, որտեղ կանգնած է եղել Թրամփը։ Նա շտապ դուրս է բերվել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի կազմակերպած ընթրիքից:

Associated Press-ի տվյալներով՝ մասնակիցները լսել են հինգից ութ կրակոց։ CNN-ը, հղում անելով Գաղտնի ծառայության գործակալին, հայտնել է, որ անվտանգության աշխատակիցները «կանգնեցրել» են հրաձիգին։

Axios-ի տվյալներով՝ կասկածյալը զինված է եղել որսորդական հրացանով և փորձել է խախտել անվտանգությունը։ Աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ նա կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի վրա՝ վնասելով նրա զրահաբաճկոնը։
Գաղտնի ծառայությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել անվտանգության գլխավոր անցակետի մոտ, և մեկ անձ ձերբակալվել է։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է կրակողի ձերբակալության մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

«Կրակողը ձերբակալվել է։ Ես խորհուրդ տվեցի «թողնել, որ ամեն ինչ իր հունով գնա»», – գրել է նա։

«Նյու Յորք Փոստ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ կրակոցների համար ձերբակալված տղամարդը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալանն է: «Վաշինգտոն Փոստ»-ը հաղորդում է, որ նա ողջ է մնացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Leave a Comment