Ջեյմս Թուֆենկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանի Հանրապետության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վեճի առարկան Երևանի Բուզանդի 32 հասցեում գտնվող գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել էր «Հին Երևան» նախագծում, սակայն շուրջ 25 տարի անց ծրագիրը մինչ օրս չի իրականացվել։ Ըստ գործարարի, այս իրավիճակի հետևանքով ինքը զրկվել է տվյալ տարածքում հյուրանոցային բիզնես սկսելու հնարավորությունից։

Գույքը 2000 թվականին ձեռք էր բերվել «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի կողմից։ Սակայն արդեն 2002 թվականից սկսած՝ կառավարության մի շարք որոշումներով այն ճանաչվել է գերակա հանրային շահ, և դրա նկատմամբ սահմանվել է արգելանք։

Կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կան նաև գույքի փոխհատուցման չափի շուրջ։ «Հին Երևան» ծրագրի կառուցապատող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն, որը պատկանում է «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր և գործարար Վարտան Սրմակեսին, 2023 թվականին առաջարկել է 642 միլիոն դրամ փոխհատուցում՝ ներառյալ հարկերն ու օրենքով նախատեսված 15 տոկոս հավելումը։

 

Մինչ ՄԻԵԴ դիմելը՝ 2026 թվականի փետրվարի 26-ին, ընկերությունը սպառել է ներպետական դատական բոլոր հնարավոր միջոցները։ 2023 թվականի փետրվարին առաջին ատյանի դատարան է ներկայացվել հայց՝ սեփականության իրավունքի խախտումը ճանաչելու և Հայաստանի Հանրապետությունից 2 միլիոն դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջով։ Այնուհետև գործը քննվել է Վերաքննիչ դատարանում, իսկ ավելի ուշ՝ Վարչական դատարանում, որտեղ վիճարկվել է կառավարության կողմից ծրագրի ժամկետների երկարաձգման օրինականությունը։

2025 թվականի ապրիլին ընկերությունը դիմել է նաև Սահմանադրական դատարան, սակայն վերջինս նույն տարվա դեկտեմբերին կարճել է գործի վարույթը՝ այն անհիմն գնահատելով։ ՄԻԵԴ ներկայացված գանգատով գործարարի ներկայացուցիչները պահանջում են արձանագրել սեփականության իրավունքի, արդար դատաքննության, արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի և խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտումները։

Leave a Comment