Էրդողանը կրկին չի օգտագործել ցեղասպանություն եզրույթն իր ուղերձում – armeniatoday.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայ համայնքին՝ 1915 թվականի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ, հայտնել է ստամբուլահայ «Ակոս» թերթը։

Էրդողանի ուղերձն ընթերցել է պատրիարքական փոխանորդ Գրիգոր Դամադյանը Ստամբուլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ։

Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ «խոնարհվում է Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակի առջև» և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։ Նա նշել է, որ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում «բոլոր ժողովուրդները մեծ տառապանքներ են կրել» պատերազմների, բախումների, ապստամբությունների և հիվանդությունների պատճառով։

Ինչպես և նախորդ տարիներին, Էրդողանը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ 1915 թվականի իրադարձությունները բնութագրելով որպես «ողբերգական» և հայերի զանգվածային մահը բացատրելով պատերազմական հետևանքներով, այդ թվում՝ ապստամբություններով, զինված խմբավորումների գործողություններով և համաճարակներով։

Թուրքիայի նախագահը նմանատիպ դիրքորոշում էր հայտնել նաև նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում խուսափելով որևէ իրավական որակումից և պատասխանատվությունը չդնելով Օսմանյան կայսրության իշխանությունների վրա։

Անկարան հետևողականորեն մերժում է 1915 թվականի իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն։ 2021 թվականին Էրդողանը խստորեն դատապարտել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այդ որոշումը անվանելով «անհիմն և անարդար»։

Կարդացեք նաև՝

Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին

Leave a Comment