Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է RTVI-ին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Քոչարյանը RTVI-ին տված հարցազրույցում, պատասխանելով իր ամենասխալ որոշման մասին հարցին, հայտարարել է, որ դա թերևս իրեն հաջորդողի (ժառանգորդի) ընտրությունն էր: Նրա խոսքով՝ փորձի հետ գալիս է այն գիտակցումը, որ ինչ-որ որոշումներ հնարավոր էր այլ կերպ կայացնել, սակայն «ամենաբարդ խնդիրը» հենց սա է:
Սարգսյանը հայտարարել է, որ իր համար անակնկալ չէր Քոչարյանի ափսոսանքը։
«Եթե ձեզ համար նորություն է, գրեթե 2 տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք»,- ասել է նա։
Սարգսյանն ընդգծել է, որ մտադիր չէ բանավիճել՝ չարձագանքելով Քոչարյանի հայտարարություններին։
«Մեր կողմից որևէ հակամարտություն չեմ տեսնում, մենք դրա կողմնակիցը չենք»,- շեշտել է նա։
Մայիսի 19-ին Քոչարյանը հայտարարել էր, որ իր և Սարգսյանի միջև տարանջատում կա։ Մայիսի 21-ին Սարգսյանը խուսափել էր արձագանքել Քոչարյանի հայտարարություններին։
