Վրաստանի հայ համայնքին չի թույլատրվել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ թույլտվություն չի ստացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խաղաղ ակցիա անցկացնելու Թուրքիայի դեսպանատան մոտ:

Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը հայտնել է, որ սահմանված ժամկետներում գրավոր դիմում են հղել Թբիլիսիի քաղաքապետարան և ներքին գործերի նախարարություն, սակայն տվյալ վայրում ակցիան անցկացնելու մերժում են ստացել:

Պատասխանում ասված է, որ համաձայն հավաքների և ցույցերի մասին Վրաստանի օրենքի՝ ներքին գործերի նախարարությունը պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և ակցիաների վայրերում ապրող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների միջև: Այդ անձանց գործունեության շարունակումը չպետք է սահմանափակվի:

«Հայ համայնքը հրաժարվում է ակցիան անցկացնել այլ վայրում, մենք չենք դիտարկում ակցիայի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտի տարածքից բացի այլ հասցեում: Այդ իսկ պատճառով մենք ոչինչ անցկացնել չենք պատրաստվում», – ասել է Բաղդասարյանը:

Համայնքն ընդգծել է որ իրենց նպատակն էր «պատմական հիշողությունը պահպանելուն, ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելուն ուղղված խաղաղ ցույցի անցկացումը և որ այդ գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և սասանում է պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը»:

Հիշեցնենք, որ Վրաստանի հայ համայնքը  ապրիլի 6-ին դիմել էր երթի թույլտվությու ստանալու համար, ՆԳՆ-ը բավարարել էր համայնքի դիմումը և թույլատրել երթը մետրոպոլիտենի «Իսանի» կայարանից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ:

Leave a Comment