Հայաստանի 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման (ID) քարտ ունենալը կդառնա պարտադիր, ինչն էլ, իր հերթին, հիմք կհանդիսանա կենսաչափական անձնագիր ստանալու համար։
Համապատասխան օրենսդրական փաթեթը գործադիրի ապրիլի 23-ի նիստում ներկայացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությամբ կհստակեցվեն անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման, փոխարինման ու անվավեր ճանաչման կանոնները ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների և փախստականների համար։ Որոշման մեջ նշված է, որ անձնագրերը կունենան վավերականության տասը տարի ժամկետ։
«Միայն ID քարտի առկայության դեպքում քաղաքացին կկարողանա ստանալ կենսաչափական անձնագիր, որը կծառայի բացառապես որպես ճամփորդական փաստաթուղթ»,- նշել է Սարգսյանը։
Ըստ նոր նախագծի՝ մինչև 6 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը, իսկ 6-16 տարեկանների համար ID քարտ ստանալը կլինի կամավոր։
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կվերանայվեն նաև պետական տուրքերի չափերը։ Նախատեսվում է, որ նոր սերնդի նույնականացման քարտի տուրքը կսահմանվի 10 000 դրամ, իսկ կենսաչափական անձնագրի համար քաղաքացիները կվճարեն 50 000 դրամ։
Ըստ ՆԳՆ-ի՝ գնային այս փոփոխությունը պայմանավորված է փաստաթղթերի պաշտպանվածության բարձր մակարդակով, տպագրական թանկարժեք տեխնոլոգիաներով և դրանցում ներդրված էլեկտրոնային նոր հնարավորություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հավելել է, որ նոր անձնագրերի դիզայնը պատրաստ է, և շուտով կներկայացվի հանրությանը։
«Անձնագրի պատկերները պետք է արտացոլեն մեր բազմադարյա պատմությունը և ծագումնաբանությունը, որոնց առանցքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Սա պետության այցեքարտն է»,- հայտարարել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային այլ կետերում կներդրվեն e-gate (էլեկտրոնային դարպասներ) համակարգեր։ Կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կկարողանան հատել սահմանը՝ պարզապես սկանավորելով փաստաթուղթը՝ առանց սահմանապահ ծառայության աշխատակցի հետ անմիջական շփման։
ՆԳ նախարարը շեշտել է, որ այս բարեփոխումը վիզաների ազատականացման երկխոսության առանցքային բաղադրիչն է։ Աշնանը Հայաստանը պատրաստ կլինի ամբողջական ենթակառուցվածքի ներդրմանը։
Քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը բարձրացրել է երկքաղաքացիների նույնականացման և երեխաների քաղաքացիության հավաստման հարցը։ Նախարար Սարգսյանը պարզաբանել է, որ նոր համակարգը թույլ կտա ավելի արդյունավետ նույնականացնել սահմանը հատողներին և կառավարել պաշտպանության նախարարության տիրույթում առկա ռիսկերը՝ կապված զինվորական հաշվառման հետ։
ՆԳՆ-ն 2025 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Այս տարվա սկզբից Հայաստանում սկսվել է աշխատանքային հարաբերությունների թվայնացման գործընթացը, որի համար պարտադիր է նույնականացման քարտի առկայությունն ու էլեկտրոնային ստորագրությունը։
