«Ազատության թևեր» կուսակցության պատգամավորության թեկանծու Լիպարիտ Դրմեյանն այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ համագործակցություն չի կարող լինել գործող իշխանության հետ, իսկ թե որ ուժերի հետ ինչ ձևաչափով համագործակցություն կլինի՝ վաղ է խոսել։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներում, երբ քաղաքական դաշտն ամբողջությամբ կբյուրեղանա, և կունենանք ընտրությունների արդյունքներ, հստակ կլինի, թե որ ուժերի հետ ենք կարողանում համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որ ՔՊ-ն չվերարտադրվի։ Գերնպատակը, վերջնակետն այն է, որ գործող իշխանությունը չվերարտադրվի։ Համագործակցության ձևաչափը շատ տարբեր կարող է լինել»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Հարցին՝ ինչպես է գնահատում սեփական կուսակցության շանսերը, և արդյոք «Միասնության թևեր»-ը կհաղթահարի անցողիկ շեմը, Նարեկ Դրմեյանը պատասխանեց՝ առավել քան վստահ է, որ առաջիկա ընտրություններում պատմական ճեղքում են ապահովվելու և անցնելու են խորհրդարան։
«4 տոկոսը նվազագույն շեմն է։ Եթե որևէ ուժ հայտարարում է, որ ունի երաշխավորված մեծամասնություն, պարզապես զազրախոսություն է կամ սուտ։ Նման հայտարարություն անելն ուղղակի մոլորության մեջ գցել է մեր ժողովրդին։ Իսկ մեր վստահությունը գալիս է մեր աջակիցներից, մեր սոցհարցումներից և այն պատասխանատվությունից, որը մեր կուսակցության ընտրացուցակում ընդգրկված յուրաքանչյուր անձ ստանձնել է իր անցած ճանապարհով»,- նշեց Լիպարիտ Դրմեյանը։
Կուսակցության նախագահ Արմեն Գալստյայնն էլ չշտապեց ֆավորիտ կամ ոչ ֆավորիտ քաղաքական ուժերի անուններ հնչեցնել։
«Մենք գնում ենք մեր ընտրողների ձայների հետևից, նրանց հետ անկեղծ զրույց վարելու։ Հունիսի 8-ին կտեսնենք, թե որքան ձայն ունենք»,- ասաց նա։
Կուսակցության անդամները շեշտեցին՝ իշխանությունների կողմից հանրությանը դեգրադացնելու ֆոնին մանավանդ երիտասարդները, առաջին անգամ ընտրության իրավունք ունեցողները պետք է ակտիվորեն գնան ընտրատեղամասեր։
«Սա միակ ձևն է իրացնելու ընտրելու ազատությունը։ Բոլորին կոչ ենք անելու գնալ ընտրություններին։ Քաղաքացին որոշիչ ձայն ունի, հուսախաբության ալիքը պետք է բաց թողնել»,- նշեցին նրանք։
Լիպարիտ Դրմեյանը նաև շեշտեց՝ իրենց կուսակցությունը հենվում է բացառապես հայկական շահի և հայկականության վրա՝ առավելագույնս ապահովելու հայկական շահի և հայկականպետության հետաքրքրությունների առաջմղումը։
«Դա կլինի ԵԱՏՄ-ն, դա կլինի ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, թե ՀԱՊԿ-ը, որևէ նշանակություն չունի։ Յուրաքանչյուր կազմակերպության հետ մենք հարաբերություններ կառուցելու ենք սեփական շահի հիման վրա. չկա սեփական շահ՝ չի լինի նաև այդ համագործակցությունը»,- ասաց նա։
Լրագրողների ճշգրտող հարցին՝ եթե արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հարցին ի պատասխան Ալիևը հայելային պահանջ հնչեցնի, այն է՝ պնդի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին , Նարեկ Դրմեյանը պատասխանեց.
«Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է։ Չկա միջազգային որևէ ատյան, որ Հայաստանում բնակված և 90-ականներից առաջ այն լքած ադրբեջանցիները կարողանան դիմել և իրացնել այսպես կոչված վերադարձի իրավունքը։ Այդ հարցը փակված է միջազգային դատարանի դատական ակտով, և այդ խոսույթը հերթական կեղծ փուչիկն է, որ փչվում է Ալիևի և սատարվում այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից»։
Կուսակցության նախագահ Արմեն Գալստյանն իր հերթին շեշտեց՝ աարցախցիների՝ Արցախ և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցերի միջև հավասարության նշան դնում են հենց ՀՀ գործող իշխանությունները ։
«Փակված հարցը, որը գոյություն չունի, բերում-հավասարեցնում են արցախցիների վերադարձի իրավունքին։ Արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանված է, իսկ ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ փակված»,- ասաց նա։
Լրագրողները միաժամանակ Լիպարիտ Դրմեյանին հարցրեցին իր՝ կառավարությունում աշխատանքի դադարեցման մասին. հնարավո՞ր է, որ պատճառը հայցերն էին Ադրբեջանի դեմ։
Դրմեյանը հավաստիացրեց, որ կոնֆլիկտներ չի ունեցել, միայն պաշտպանել է այն իրավական գիծը, որ տրված է եղել իրեն՝ գործելով բացառապես ՀՀ շահի պաշտպանության համար։
«Խոսքը վերաբերել է արբիտրաժային վեճին։ Դրված էր հարց՝ արբիտրաժի վճիռը կատարել-չկատարչելու վերաբերյալ։ Մեր գրասենյակի կողմից հստակ ցույց են տվել այն իրավական լուծումները, որոնց համապատասխան՝ ՀՀ-ն պետք է շարժվի արբիտրաժային վճիռը կատարելու համար»,- ասաց Դրմեյանը։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանն ավելի վաղ վարչապետի որոշմամբ ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Ինչ էր նախորդել այս պաշտոնանկությանը: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագրավումն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը, և որ կառավարությունը հաղթել է արբիտրաժում։
Փաշինյանը նաև նշել էր՝ կառավարությունում հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։