«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տևական ընդմիջումից հետո երևանյան համերգասրահ է վերադառնում «Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ նախագիծը, որն իր շուրջ է համախմբել հայ և օտարազգի բարձրակարգ երաժիշտների։

Դաշնակահարներ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա) մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարեն ականավոր կոմպոզիտորների գործեր՝ ջազային մեկնաբանությամբ։

Գաղափարի հեղինակ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2014 թվականին։ Երաժիշտներ Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը և Տիգրան Համասյանը հանդես են եկել «Հայ դաշնամուրային երաժշտություն» խորագրով համերգով։

Երկրորդ համերգին, որը կազմակերպվել է 2016 թվականին, մասնակցել են Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը և Վարդան Օվսեփյանը:

2020-ին կայացել է նախագծի երրորդ համերգը, որին հանդես են եկել դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Եվա Գևորգյանը և Փում Փրոմըչարթը (Թաիլանդ)։

Մարտիրոսյանն ընդգծում է՝ երեք ռոյալով և երեք դաշնակահարի մասնակցությամբ համերգ 2000-ականներին Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվել։ Համերգներին արտիստները հանդես են եկել մենանվագներով, դուետներով և երեք դաշնամուրով՝ կատարելով բացառապես հայ հեղինակների գործեր։ Այս անգամ որոշել են փոխել մոտեցումը։ Մայիսի 17-ին կայանալիք երեկոյին կհնչեն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Բեմում հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչների կտեսնի։ Մարիոն ավագ սերնդից է։ Նա Պորտուգալիայում հայտնի երաժիշտ է, Կրիստիանն Էստոնիայում է մեծ ճանաչում վայելում։ Նա ևս ավագ սերնդից է և տեղի ջազի ամենակարկառուն դեմքերից է, դասավանդում է կոնսերվատորիայում, ունի մեծ լսարան։ Մարիո Լաժինյան և Կրիստիան Ռանդալուն առաջին անգամ են գալու Հայաստան։ Նախագիծը նրանց հատկապես հետաքրքրել է, քանի որ դուետներով բազմիցս հանդես եկել են, բայց երեք դաշնամուրով՝ ոչ։ Վարդան Օվսեփյանը ժամանակակից ջազի ամենաազդեցիկ հայ երաժիշտներից է ԱՄՆ-ում։ Կրթություն ստանալով Երևանի կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտական ակադեմիայում և Բոստոնի հռչակավոր Berklee College of Music-ում՝ նա ստեղծել է իր ուրույն երաժշտական լեզուն։ Նրա ոճը հաճախ անվանում են «ինտելեկտուալ ջազ»,»,-նշում է Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ օտար երաժիշտների մասնակցությունը նախագծին նպաստում է հայ երաժշտության հանրահռչակմանն ու տարածմանը։

Չի բացառվում, որ հետագայում այդ երաժիշտներն իրենց նվագացանկում հայ կոմպոզիտորների գործեր ընդգրկեն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment