Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան


Ապրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի:

Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ:

Մենք չենք կարող ուրանալ….

Մենք չենք կարող դավաճանել….

Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը:

Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը:

Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը:

Մերժում ենք, որովհետև ցեղասպանությունը ոճրագործություն է Աստծո դեմ է և չունի արդարացում:

Մերժում ենք, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, ինչի ականատեսը եղանք Սումգայիթում ու բռնազավթված Արցախում:

Որպես պահանջատեր ժողովուրդ, որպես ազգային արժանապատվության վկայություն, որպես սրբազան ուխտ ու հավատարմության առհավատչյա պիտի շարունակենք ամեն ջանք գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Տեր Եզրաս արք. Ներսիսյան

Leave a Comment