Սպիտակ տուն. Թրամփը Իրանի հետ հրադադարի դադարեցման հստակ ժամկետ չի նշել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի համար գործարքի առաջարկ ներկայացնելու կամ հրադադարի դադարեցման վերջնաժամկետ չի սահմանել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:

«Նախագահը Իրանից առաջարկ ստանալու համար հստակ ժամանակացույց չի սահմանել, չնայած այսօր տեսած որոշ հաղորդագրությունների։ Վերջնական արդյունքում վերջնաժամկետը կորոշի Գերագույն գլխավոր հրամանատարը՝ Միացյալ Նահանգների նախագահը», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին։

«Գիտեմ, որ անանուն աղբյուրների հղումով հաղորդագրություններ կան, որ դա կարող է լինել երեքից հինգ օր։ Դա ճիշտ չէ։ Նախագահն ինքը որևէ վերջնաժամկետ չի սահմանել», – հավելել է նա։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգումը անորոշ ժամանակով չի լինի։ Իր աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Թեհրանին ևս երեքից հինգ օր տալ, «որպեսզի իրանցիները կարգի բերեն իրենց գործերը»։

Leave a Comment