Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի նախկին ղեկավարը արդարացվել է Հակակոռուպցիոն դատարանում

«Լեգալիստ» փաստաբանական ընկերությունը հերթական հաջողությունն է արձանագրել՝ պաշտպանելով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի նախկին ղեկավար Արամ Մկրտչյանի շահերը։  Iravaban.net-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր, փաստաբան Մարգար Սողոմոնյանը նշեց, որ նրան մեղադրանք էր առաջադրվել ենթադրաբար վատնում կատարելու համար, որը, ըստ մեղադրանքի, դրսևորվել էր աշխատակազմի աշխատակիցներից մեկի կողմից աշխատանքի չհաճախելու և միաժամանակ աշխատավարձ ստանալու հանգամանքով։

Գործը քննվել է հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ով կայացրել է արդարացման դատավճիռ, որն արդեն մտել է օրինական ուժի մեջ։

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Արամ Մկրտչյանը որևէ առնչություն չի ունեցել նշված աշխատակցի հետ, նրան չի ճանաչել և տեղեկացված չի եղել աշխատանքի չներկայանալու փաստից։ Չնայած որոշ անձանց ցուցմունքներին, ըստ որոնց՝ իբր բանավոր տեղեկացումներ են եղել, դատարանը գտել է, որ դրանք բավարար չեն մեղավորությունը հիմնավորելու համար։

Միևնույն ժամանակ հաստատվել է, որ տվյալ աշխատակիցը իրականում չի հաճախել աշխատանքի և հետագայում ամբողջությամբ վերադարձրել է ստացած աշխատավարձը։ Սակայն այդ փաստը որևէ կերպ չի կապվել պարոն Մկրտչյանի գործողությունների կամ գիտակցության հետ։ Արդյունքում դատարանը արձանագրել է, որ բացակայում է նրա կողմից որևէ հանցավոր արարքի կատարումը և կայացրել է արդարացման դատական ակտ։

Գործի կարևորությունն այն է, որ այն հստակ սահմանում է պատասխանատվության շրջանակը՝ ընդգծելով, որ պետական մարմինների աշխատակազմերի ղեկավարները չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել ենթակա աշխատակիցների հնարավոր խախտումների համար, եթե բացակայում է նրանց անմիջական մասնակցությունը կամ իրազեկվածությունը։ Միայն փաստաթղթերի ստորագրումը ինքնին բավարար չէ հանցակազմի առկայությունը հիմնավորելու համար։

Leave a Comment