Ինչու է աղմկում Միշիկը․ սենսացիոն բացահայտում. Politik.am

Politik.am-ը գրում է․ Արդեն շուրջ երեք շաբաթ է, ինչ տարօրինակ ու տեղեկատվական իմաստով որևէ կերպ չհիմնավորված ակտիվություն է դրսևորում Միքայել Մինասյանի (առավել հայտնի է Միշիկ) թիմը  (Միհրան Հակոբյան, Սամվել Ֆարմանյան, Նարեկ Մալյան, Արթուր Դանիելյան Տեր-Նակալյան)։

Այս խմբի ներկայացուցիչները, մատնանշելով տարատեսակ ու հանրությանը անհայտ ինչ-որ հանգամանքներ, նույն մեկնարկային կետից, նույն թեզերով ու ակնհայտ նույն կենտրոնից եկող հրահանգով սկսեցին սև քարոզչություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի, նրա թիմակիցների, «Հայաստան» դաշինքի դեմ։ Միանգամից ասենք, որ նրանց թեզերը ոչ միայն խիստ վիճելի են, այլև չեն դիմանում որևէ քննադատության, ծայրահեղ ցինիկ են ու հաճախ պարզապես ծիծաղ են առաջացնում։ Այդպես, օրինակ, «քառյակ մեդիան» պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ պայմանավորված խաղ է խաղում (ընդ որում՝ 2018 թվականից) Նիկոլ Փաշինյանի օգտին, Կարեն Կարապետյանին թավշյա հեղափոխություն կազմակերպելու միջոցով փորձում էր իշխանության բերել երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավարը (որը՝ ըստ իրենց, նաև Արցախի հայաթափման մեղավորն է), ՀՅԴ-ն գումար է պարտք Քոչարյանին, և այլն։ Այս ամենը տևեց մոտ երկու-երեք շաբաթ՝ երկրորդ նախագահի թիմի և նրան աջակցող լրատվամիջոցների քար լռության ներքո, ընդամենը մի քանի առիթով ես եմ անդրադարձել իրենց։ Վերջերս, ասես վիրավորված լինելով քոչարյանական «իգնոռից», խաղի մեջ մտավ նաև ինքը՝ Միքայել Մինասյանը, թերևս հաշվարկ ունենալով, որ ահա իրեն հաստատ կարձագանքեն, հատկապես, որ իր հոդվածը աչքի ընկավ կեղծիքի ու ցինիզմի հատուկ մեծ չափաբաժնով։ Բայց երկրորդ նախագահի թիմակիցները մեծամասամբ շարունակում են չնկատելու տալ Մինասյանին ու իր՝ տարբեր բերաններով արտաբերվող ելույթները։

Հասկանալի է, որ հետևողականորեն իրագործվող սև քարոզարշավը «կոտրելը» Ռոբերտ Քոչարյանի թիմի կողմից որևէ լուրջ խնդիր չի ներկայացնում, ու ոչ միայն այդ քարոզչության թեզերի արհեստականության ու անտաղանդության պատճառով։ Թե Միքայել Մինասյանի, թե իր թիմի մնացորդների քաղաքական ու լրատվական քաշային կատեգորիան այնքան ցածր է, իսկ հանրային ազդեցությունն այնքան աննշան, որ «Հայաստան» դաշինքի որևէ ներկայացուցչի հարյուր հազարավոր լսարան ունեցող հեռուստահարցազրույցը բավական կլիներ հարցը փակելու համար։ Դժվար է Հայաստանում մարդ գտնել, ով լուրջ կկարծի, թե Միքայել Մինասյանն ու իր «ժողովուրդը» որևէ լուրջ հեղինակություն ունեն։ Պատահական չէ, որ նրանց գրառումների հավանումների թիվը սովորաբար մի քանի տասնյակ մարդուց ավելին չէ։

Բայց այսպես թե այնպես, Քոչարյանի թիմը մեծամասամբ լուռ է մնում ու բացարձակապես անտեսում է «քառյակի» գրառումները, իսկ միշիկականների շարունակվող ակտիվության իրական պատճառների հարցը բաց է մնում։

Որն է Ռոբերտ Քոչարյանի, Վիկտոր Սողոմոնյանի Իշխան Սաղաթելյանի, «Հայաստան» դաշինքի վրա այս անօգանական, բայց կատաղի հարձակման նպատակը ու ինչով է պայմանավորված նրանցից պատասխան հարված ստանալու միշիկենց անթաքույց ու տարօրինակ ցանկությունը, հատկապես այս նախընտրական փուլում։

Մենք ունենք այս հարցի պատասխանը, և այն ամենևին էլ վերլուծական հարթության մեջ չէ։ Տեղեկատվություն է, որը շատերը իրավամբ սենսացիոն կհամարեն։

Մեր գործընկերներից մեկի օգնությամբ (աղբյուրը, բնական է, չենք բացահայտի) ծանոթացել ենք մի շատ հետաքրքիր սղագրության։ Դա շուրջ մեկ տարի առաջ, 2025 թվականի հունվար-փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած Միքայել Մինասյանի, մոսկվաբնակ հանրահայտ գործարար Կամո Ավագումյանի և ռուս մի պաշտոնյայի միջև զրույցի սղագրություն է։ Զրույցն ինքնին շատ հետաքրքիր է ու կարծում եմ, որ դրա բոլոր մանրամասները ըստ անհրաժեշտության ևս կարող են հայտնի դառնալ հանրությանը։ Բայց հիմա կպատմեմ ընդամենը մեկ, «հակաքոչարյանական» դրվագի մասին։Նախ, երկրորդ նախագահի «սարսափելի ու ավերիչ» դերակատարության մասին գրեթե նիկոլական անհիմն թեզերով երկարատև ներածականից հետո Միքայել Մինասյանը խնդրում է ռուս պաշտոնյային (այն ժամանակ այդ պաշտոնյան հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուներից էր) օգնել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կորցնի իր ազդեցությունը Մոսկվայում (ասում է՝ սա մեր ներքաղաքական օրակարգի գլխավոր խնդիրն է, շատ կօգնեք մեզ)։ Նա առաջարկում է հետևյալը՝ դուք ձեր ավաք գործընկերների հետ համոզում եք ՌԴ նախագահին, որպեսզի նա դադարեցնի պարբերական հանդիպումները Քոչարյանի հետ, իսկ որպեսզի հայկական օրակարգը պատշաճ մակարդակով ներկայացված լինի Մոսկվայում նաև առանց Փաշինյանի, առաջարկում եմ, որպեսզի Վլադիմիր Պուտինը հայկական հարցերը քննարկելու համար, Փաշինյանից բացի, Կրեմլում ժամանակ առ ժամանակ ընդունի հայ Առաքելական եկեղեցու երկու վեհափառներից կազմված պատվիրակությանը։ Ռուս պաշտոնյայի զարմանքին ու դիտարկմանը, թե վեհափառները կապ չունեն մեծ քաղաքականության հետ ու դժվար համաձայնեն այդպիսի առաքելությանը, Միքայել Մինասյանը պատասխանում է, որ ինքը կգնա և ամեն գնով կհամոզի իրենց, միայն թե Պուտինը համաձայնի Ռոբերտ Քոչարյանի փոխարեն պարբերաբար հանդիպել Գարեգին Երկրորդին և Արամ Առաջինին։ Թերևս, զարմանալի չէ, որ սղագրության մեջ տեղ-տեղ Միքայել Մինասյանի այս խնդրանքը աղերսի է նմանվում։

Իսկ ահա հաջորդիվ Միքայել Մինասյանը հանդես է գալիս մի առաջարկությամբ, որը լույս է սփռում այսօր տեղի ունեցողի վրա։ Նա հայտարարում է, որ իր կողմից պատրաստ է անել հնարավորը, որպեսզի զրկի Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին ընտրություններին որևէ հաջողություն ունենալու հնարավորությունից, միայն թե ռուսները տեղեկատվական դաշտում ևս պետք է օգնեն նրան։ Պլանը հետևյալն է՝ նա իր թիմի մնացորդներով, ինչպես նաև ՀՀԿ-ին համոզելով, 2026թ. քարոզարշավից առաջ և դրա ընթացքում կատաղի հանրային լեզվակռիվ է հրահրում Քոչարյանի հետ, որպեսզի ընտրողների մոտ զզվանք առաջանա «նախկինների» գզվրտոցից ու նրանք հիասթափվեն երկրորդ նախագահից ու նրա գլխավորած ուժից։ Ռուս պաշտոնյայի հարցին թե բայց դուք էլ եք վնաս կրելու, իսկ ով է շահելու դրանից, Մինասյանը պատասխանում է՝ մեր տղայի (նշում է Արման Թաթոյանի անունը) քաղաքական ուժը, որը այդ ամենի շնորհիվ կկարողանա առավել շատ ձայներով մտնել խորհրդարան։

Պարզ է չէ ամեն ինչ։

Այս խոսակցության մնացած մասը առայժմ ձեռնպահ կմնանք պատմելուց, այն պարզապես չի առնչվում մեր խնդրո առարկային։ Այսքանն արդեն բավական է հասկանալու համար, թե ինչու է աղմկում Միքայել Մինասյանը։ Հիմա, արդեն իրադարձությունների զարգացումից հետո, հասկանալի է նաև, որ

Ա. ռուսներին բացարձակ դուր չի եկել Միքայել Մինասյանի «հակաքոչարյանական պլանը»,

բ. Վեհափառ Հայրապետին և Արամ Առաջինին համոզելու կարիք չի առաջացել (թեև պարզից պարզ է, որ նրանք չէին ընդունելու Միքայել Մինասյանի բացահայտ ավանտյուրիստական առաջարկը)

գ. ՀՀԿ-ն չի համաձայնել խաղալ Մինասյանի խաղը (բացառությամբ կարծես Արմեն Աշոտյանի)

դ. Ռոբերտ Քոչարյանը և իր թիմը կամ նախապես տեղյակ են եղել այս պլանին ու «իգնոռ» միացրել, կամ պարզապես հասկացել են Միքայել Մինասյանի՝ փեսա Միշիկի պլանը ու համապատասխան վարքագիծ են դրսևորել։

Փաստորեն՝ չեն սխալվել։

Leave a Comment