ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անորոշ ժամկետով երկարաձգում է Իրանի հետ հրադադարը։ Ըստ նրա, հրադադարի ռեժիմը կպահպանվի, մինչև Իրանը ներկայացնի իր առաջարկությունը և քննարկումները եզրափակվեն։
«Հաշվի առնելով Իրանի կառավարության մեջ առկա լուրջ տարաձայնությունները, ինչը զարմանալի չէ, և որ Պակիստանի բանակի ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքով՝ մեզ խնդրել են դադարեցնել Իրանի դեմ հարվածները մինչև նրա առաջնորդներն ու ներկայացուցիչները մշակեն միասնական առաջարկ:
Ուստի, ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և բոլոր առումներով մնալ պատրաստ ու ընդունակ վիճակում։ Ես երկարաձգում եմ հրադադարը մինչև այն պահը, երբ նրանց առաջնորդները կներկայացնեն իրենց առաջարկը, և քննարկումները կավարտվեն այս կամ այն կերպ»,- գրել է նա Truth Social-ում։
Ավելի վաղ Թրամփը CNBC հեռուստաալիքի առավոտյան հաղորդման ժամանակ ասել էր. «Ես չեմ ցանկանում դա անել։ Մենք համաձայնության հասնելու համար այնքան էլ շատ ժամանակ չունենք։ Ես ռմբակոծություններ եմ ակնկալում, որովհետև կարծում եմ, որ դա կլիներ լավագույն մոտեցումը։ Մենք պատրաստ ենք։ Այսինքն՝ բանակը լի է վճռականությամբ»,- ասել էր նա։
