Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ ընդհանրապես չի մտածում ֆուտբոլային կարիերան վերսկսելու մասին։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ 36-ամյա գերմանացին արժանացել էր Laureus մրցանակին՝ «Սպորտի ոգեշնչում» անվանակարգում։
«Նման միտք իմ մոտ երբեք չի ծագել, քանի որ ես հեռացա ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էի։ Ես փակել եմ այդ էջը։ Ինձ միշտ թվում էր, որ անհնար է կարիերան ավելի լավ ավարտել: Հետո ամեն ինչ միայն ավելի վատ կլիներ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Նախկին ֆուտբոլիստը նշել է նաև, որ ներկայումս ինքն այլ մոտիվացիա և բոլորովին այլ նպատակներ ունի։
«Այդ փուլն ինձ համար հաջողությամբ ավարտվեց, և ես կարողացա հեռանալ երջանիկ՝ առանց այն զգացողության, որ կարելի էր ինչ-որ բան ավելի լավ անել: Ես երջանիկ էի, և այսքանով ամեն ինչ ասված է»,- ասել է լեգենդար կիսապաշտպանը։
«Ռեալի» կազմում Կրոսը չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և հինգ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Մյունխենի «Բավարիայի» հետ՝ երեք անգամ հաղթել է Բունդեսլիգան և մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգան։ Գերմանիայի հավաքականի կազմում նա 2014 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն։