Հայաստանը eTwinning միջազգային կրթական ցանցում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանը 2013 թվականին միացել է եվրոպական դպրոցների գործակցության eTwinning համայնքին։ Այն կրթական միջազգային հարթակ է ուսուցիչների և աշակերտների համար։  Այս ընթացքում եվրոպական միասնական կրթական համայնք ներառվել է Հայաստանի շուրջ 600 դպրոց։ Ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում իրականացվող միջազգային ծրագրերին։

eTwinning-ը եվրոպական կրթական ծրագիր է, որտեղ ուսուցիչներն ու աշակերտներն առցանց եղանակով գործակցում են՝ կյանքի կոչելով կրթական տարբեր նախագծեր։ Այլ ձևակերպմամբ՝ տարբեր երկրների տարբեր դպրոցների աշակերտներ միասին գաղափարներ են քննարկում ու նոր փորձառություն ձևավորում։

Հայաստանն այս ծրագրին միացել է 2013 թվականին՝ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում։ Այդ ժամանակից ի վեր ծրագիր ներգրավվել է Հայաստանի շուրջ 600 դպրոց։

Ծրագրի ներկայացուցիչների խոսքով՝ eTwinning-ը ոչ միայն գործակցության հնարավորություն է, այլև կրթական նոր միջավայր ու մշակույթ։ Այն նպաստում է աշակերտների լեզվական, հաղորդակցային և թվային հմտությունների զարգացմանը, բարձրացնում դպրոցների հեղինակությունը։

Ծրագրի հայաստանյան համակարգող Տաթևիկ Յափունջյան․ «Ուսուցիչներն իրենց աշակերտների հետ կարողանում են առցանց հարթակում հանդիպել այլ երկրների ուսուցիչների և աշակերտների հետ, իրականացնել համատեղ նախագծեր։ Հարթակը ոչ միայն ստեղծում է գործակցային ուսուցման միջավայր, այլ նաև նպաստում է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ դասընթացների և վերապատրաստումների միջոցով»։

eTwinning-ի նախագծերը հաճախ միջառարկայական են։ Քիմիայի ուսուցիչը, օրինակ, կարող է իրականացնել նախագիծ, որն առնչվում է այլ ոլորտի։ Բացի դրանից՝  հնարավոր են նաև ստեղծագործական գործակցություններ։

«Օրինակ՝ տարբեր երկրների աշակերտները միասին կարող են հեքիաթ ստեղծելմի երկիրը գրում է սկիզբը, մյուսը շարունակում է, իսկ երրորդը՝ ավարտում։ Այսպիսի նախագծերն օգնում են երեխաներին հասկանալու տարբեր մշակույթներ, սովորույթներ և զարգացնելու գլոբալ մտածողությունը»։

Վանաձորի թիվ 16 դպրոցի անգլերենի և գերմաներենի ուսուցչուհի Լիանա Կարապետյանն աշակերտների հետ իրականացրել է «Քաղաքացիական կամուրջներ» նախագիծը, որի մեջ ներգրավված են եղել Հայաստանի և Թունիսի երկուական դպրոցներ։

«Ծրագրի շրջանակում ընտրել էինք հետևյալ հիմնական ուղղությունները՝ ներառական կրթություն և բուլինգ, ՏՀՏ կարողությունների զարգացում և քաղաքացիական կրթություն։ Աշակերտները պատրաստել էին բուլինգի թեմայով տեսանյութեր, անցկացրել սոցհարցումներ՝ պարզելու համար, թե որքանով են իրենց համադասարանցիները տեղյակ այդ երևույթին։ Նրանք ցույց տվեցին, որ յուրաքանչյուր երեխա կարող է փոփոխություն բերել իր միջավայրում»։

Ծրագրի  շրջանակում ստեղծված բոլոր նյութերը առցանց հարթակում հասանելի են մյուս մասնակիցների համար։

Մեկ կարևոր հանգամանք ևս․ 2019 թվականից Հայաստանում ծրագրին մասնակցությունը պաշտոնապես ճանաչվում է որպես ուսուցիչների որակավորման բաղադրիչ մասնագիտական զարգացման համակարգում։

Leave a Comment