Դանակահարություն ավտոբուսում. ուղևորները, վարորդներն ու քաղաքապետն իրար չեն հասկանում

Երևանում թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը կրկին սրել է հասարակական  տրանսպորտի խնդիրների շուրջ հանրային քննարկումը՝ ուղեվարձի հավաքման գործընթաց, վարորդ-ուղևոր փոխհարաբերություններ, տրանսպորտի որակ։  Դեպքը քննարկվել է նաև ավագանու այսօրվա նիստում։ Քաղաքապետը վստահ է՝ անգամ տեխնոլոգիական ամենաժամանակակից լուծումներն իրավիճակն էականորեն չեն բարելավի, քանի որ անհրաժեշտ են հստակ կարգավորումներ և սահմանափակումներ։

Նախօրեին Երևանում 8 համարի ավտոբուսի դանակահարված վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ այս մասին «Ռադիոլուր»-ին տեղկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Նրա խոսքով՝ վիրահատական փոքր միջամտությունից հետո վարորդը հրավիրվել է Քննչական կոմիտե, ապա՝ դատաբժշկի մոտ։   

Ապրիլի 20-ի ուշ երեկոյան, հիշեցնենք, մայրաքաղաքի Հալաբյան փողոցում դանակահարել էին թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Նախնական տվյալներով՝ երթուղայինում ուղևորի և վարորդի միջև վեճ է ծագել, որի ժամանակ ուղևորը, ենթադրաբար լինելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է վարորդին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։

Իրավապահները շարունակում են պարզել դեպքի հանգամանքները։

Հանրային տրանսպորտում սրվող իրավիճակին այսօր անդրադարձել են նաև ավագանու նիստում։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զառոկյանը քաղաքային իշխանությանն է մեղադրել ստեղված իրավիճակի համար․ 

«Քաղաքաը քաոսի մեջ է․ մարդիկ իրար են ծեծում ավտոբուսներում, վարորդ է դանակահարվել։ Ձեր վերահսկողները զգեստ չեն հագնում, սովորական շորերով մտնում են ներս, և մեծ մասամբ չկան վերահսկողներ, ավտոբուսի վարորդին եք պարտականություն տվել, որ փող հավաքի»։

Վարորդների և ուղևորների հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ տրանսպորտի ուղեվարձի գումարն այդքան էլ լավ չի հավաքվում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել էր վարորդների՝ ուղեվճարների հավաքման գործընթացի մեջ ներգրավված չլինելուց և ասել, որ դրանից են կախված նաև արտաժամյա վճարումները․

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսի չեն մասնակցում, մասնավորապես ուղեվարձի հավաքման պրոցեսին չեն աջակցում»։

Ավինյանը հայտարարել էր նաև, որ վարորդների «աշխատանքային պարտականությունն» է վճարումներին հետևելը։

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ արտաժամյա աշխատանքն օրենքով սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքն է։ Պարզ ձևակերպմամբ՝ օրական 8 կամ շաբաթական 40 ժամի սահմանը գերազանցող յուրաքանչյուր րոպեն արտաժամյա է։

Ըստ օրենսգրքի՝ յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար աշխատողը պետք է ստանա 50 %-ի չափով հավելավճար։

Վերադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե վարորդների «աշխատանքային պարտավորությունն» է ուղևորների վճարումը վերահսկելը, նշենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և վարորդի միջև կնքված պայմանագրով ամրագրվում  է, որ վարորդը անհրաժեշտության դեպքում պետք է հիշեցնի ուղևորներին օրենքով սահմանված կարգով ուղեվարձը վճարելու մասին։

Խնդրահարույց այս կետի մասին հաճախ բարձրաձայնում են Երևանի ավագանու անդամները։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասում է՝ վարորդի հիմնական պարտականությունն ավելի կարևոր է։

«Վարորդը խնդիր չունի գումար հավաքելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ վարորդը հետևի երթևեկության անվտանգությանը, այդ ամբողջ ավտոբուսի ժողովրդին, սկսի ինչ-որ ուղևորի հետ կռվի բռնկվել։ Ուղևորն ասում է՝ դու ինձ չես մատուցել արժանի տրանսպորտ, ես նստել եմ, ներվայնացել եմ։ Ինքն իր վրդովմունքն արտահայտում է»։

Ավագանու անդամն առաջարկում է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ քաղաքացիներին մատուցելով, իր ձևակերպմամբ, արժանապատիվ տրանսպորտ․

«Երբ դու քաղաքացուն մատուցում ես արժանապատիվ տրանսպորտ, այսինքն՝ այն 500 տրանսպորտը լինում է, երբ դու քաղաքացուն մատուցում ես կանգառասրահներ, անձրևի տակ, նույն Խարբերդի ու Հաղթանակ թաղամասի դեպքի նման, մարդը չմնա անձրևի տակամբողջ քաղաքով կանգառների խնդիր կա։ Ես չեմ հանդիպել չվճարող քաղաքացու, որ ասի՝ ես չեմ ուզում վճարել։ Ասում է՝ ես ուզում եմ վճարել, բայց ինձ գժի տեղ են դրել, ասում է՝ իրենք ստվերը չեն վերացնում, մի հատ տուռնիկետ պետք է դնեին, կամերաներ և հաշվեին մարդկանց քանակը»։ 

Այս օրերին սոցցանցերում նույնպես հասարակական տրանսպորտի մասին քննարկումների պակաս չկա։ Գերակշռում են տրանսպորտի աշխատանքից դժգոհ ուղևորների գրառումները։

«Տուն ու ընտանիքով նստում են կամ չեն վճարում, կամ 1 հատ են վճարում, ու ուզում են, որ տրանսպորտ զարգանա․․․ 50 դրամով չեն բարձրացրել»։

«Վերջին տասը օրերին  խեղճ վարորդները ուղևորների հետ անընդհատ վեճի մեջ էին(( , ու ես ավելի շատ անհադուրժող ու ագրեսիվ վերաբերմունք տեսել եմ ուղևորներից, քան վարորդներից»։

«Վարորդները գոռում են, վալիդատորները, ըստ քմահաճույքի, աշխատում են, խցանումների պատճառով բոլորը գերլարված են, հիստերիկ, իսկ նման իրավիճակում վարորդ աշխատելը ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր մյուսների առողջության համար։ Եթե լսեք, որ տրանսպորտի մեջ մարդ են սպանել, չզարմանաք»։

Հանրային տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունների մասին խոսելիս Երևանի քաղաքապետն արձանագրում է՝ ավագանու այս կազմով խորքային բարեփոխումներ անելը բարդ է։ Ըստ Ավինյանի՝ խնդիրներ են առաջանում անգամ նիստերի դահլիճում հնչող խոսույթի, ընդդիմադիր գործընկերների ներկայացրած  նարատիվների պատճառով, ինչը, ըստ քաղաքապետի, խրախուսում է անպատասխանատու վերաբերմունքը․

«Հանրային տրանսպորտը գոնե օրինակ մի բերեք, ասենք, կոպեկ գողանալուց մենք հասել ենք ամբողջապես թվային լուծումների և անհպում վճարումների ամբողջական տրանսպորտում։ Իր բոլոր դժվարություններով և այն, կներեք, հիմար նարատիվներով, որ մենք սնուցել ենք ժողովրդին, որ եկեք սա անենք։ Ու հիմա ամեն մի թափթփուկ, կներեք արտահայտությանս համար, խուլիգան, ասենք, խուլիգան, բառիս բուն իմաստով, խուլիգան, ասենք, կարող է բռնության ենթարկել վարորդին ու դե ասի՝ ես բոյկոտ էի անում, ա՛յ քեզ բան»։

Ավինյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունների համար լուրջ խնդիր են Երևանում մեքենաների՝ ամեն տարի 12-13 հազարով ավելացող քանակն ու, դրան զուգահեռ, հարակից մարզերից եկող մեքենաների առկայությունը։

Քաղաքապետը վստահ է՝ անգամ տեխնոլոգիական ամենաժամանակակից  լուծումներն իրավիճակն էականորեն չեն բարելավի, քանի որ անհրաժեշտ են հստակ կարգավորումներ և սահմանափակումներ։

Leave a Comment