Եվրոպական համալսարանը մեկ հարկի տակ համախմբել էր իրավական համայնքի ներկայացուցիչներին, գիտնականներին, ինչպես նաև Եվրոպական, Ֆրանսիական և Հայ-ռուսական համալսարանների իրավագիտության ֆակուլտետների ուսանողներին՝ ձևավորելով մասնագիտական ակտիվ քննարկումների և փորձի փոխանակման հարթակ։
Եվրոպական համալսարանի 25-ամյակին նվիրված անցկացվեց «Հարկադրանքի միջոցների քրեադատավարական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովը, որի նպատակն էր համակողմանիորեն վերհանել առկա խնդիրները և ձևավորել դրանց արդյունավետ լուծման ուղիներ՝ ամրապնդելով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները։
Գիտաժողովի շրջանակում տարբեր թեմաների շուրջ բանախոսություններով հանդես եկան իրավաբանական համայնքի ներկայացուցիչները՝ ներկայացնելով ոլորտային խնդիրների վերաբերյալ իրենց մասնագիտական դիտարկումներն ու մոտեցումները։
ՀՀ վաստակավոր իրավաբան, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ունկնդիրներին ներկայացրեց «Մեղադրանքի օրինականության դատական ստուգումը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս» թեման։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին միջդատական երաշխիքների վարույթում առավել հաճախ է քննարկվում թույլատրելիության հարցը՝ մասնավորապես՝ արդյո՞ք դատարաններըվ իրավասու են ստուգելու քրեական հետապնդում հարուցելու որոշման օրինականությունը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դոցենտ Արսեն Նիկողոսյանը խոսեց կամքի մասին և ընդգծեց, որ դատավորը նույնպես մարդ է և կարող է ունենալ վախ, անհանգսոտթյուն, հուզմունք։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հարությունյանն էլ խոսեց <<Ոչ քրեաիրավական վեճերից բխող ենթադրյալ խախտումների գնահատման սահմանները հիմնավոր կասկածը հաստատելիս>> թեմայի շուրջ։
«Սահմանադրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Ղազարյանի խոսքով՝ նոր գաղափարների առաջքաշումը միշտ չէ, որ հանգեցնում է կատարյալ արդյունքի, և հաճախ վերջնարդյունքը ամբողջությամբ չի որ ստանում է հաստատում։
Ինչպես նաև բանախոսությամբ հանդես եկան ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանը, Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սամվել Հակոբյանը, ՆԳՆ կրթահամալիրի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պետ Արտակ Հովհաննիսյանը։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց ինչպես առկա մարտահրավերների, այնպես էլ դրանց լուծման հնարավոր ուղիների կարևորությունը։