Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին չպետք է հղում լինի։
«Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ հիմնավորում ունի դա. շատ պարզ հիմնավորում։ Երեկ էլ ես խոսեցի և վերջին տարիներին խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այս Սահմանադրության նախաբանում լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ մենք վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, իսկ եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Եթե հղում ենք անում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք որդեգրում ենք «Արևմտյան Հայաստանի» խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք «Ծովից ծով Հայաստանի» խոսույթը։
Այստեղ նրբությունը ինչի՞ մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի դադարեցումը, «Արևելյան Թուրքիայի» խոսույթի դադարեցումը»,- ասել է Փաշինյանը։