Պերեսը պատրաստվում է լուրջ փոփոխությունների. ութ խաղացող կարող է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմում կադրային և կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել։

Ինչպես հաղորդում է Sport.es պարբերականը, «Ռեալ» ակումբի ղեկավարն արդեն կազմել է այն 8 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ամռանը հրաժեշտ կտան թիմին։

Հեռացողների ցուցակը գլխավորում է ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որը դեռևս նախորդ ամռանն էր ակնարկել ակումբը փոխելու ցանկության մասին: Ենթադրաբար թիմը կլքեն նաև պաշտպաններ Ֆրան Գարսիան, Ռաուլ Ասենսիոն և կիսապաշտպան Դանի Սեբալյոսը: Մադրիդյան ակումբը չի ծրագրում երկարաձգել վետերան պաշտպաններ Դավիդ Ալաբայի և Դանի Կարվախալի պայմանագրերը, որոնց ժամկետը սպառվում է առաջիկա ամռանը։ Իսկ երիտասարդ հարձակվողներ Ֆրանկո Մաստանտուոնոյին և Գոնսալո Գարսիային ակումբը մտադիր է ուղարկել վարձավճարով հանդես գալու՝ անհրաժեշտ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։

​Առավել ուշագրավ է իրավիճակը թիմի գլխավոր աստղերի շուրջ։ Թեև Sport.es-ը չի բացառում Վինիսիուս Ժունիորի կամ Ջուդ Բելինգեմի հնարավոր վաճառքը, այս տեղեկությունը հակասում է նախկինում շրջանառվող լուրերին։

​Ավելի վաղ El Mundo պարբերականը հայտնել էր, որ «Ռեալի» ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի և չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակողական եռյակից՝ Կիլիան Մբապեից, Վինիսիուսից և Բելինգեմից։ Այդուհանդերձ, նոր զարգացումները ցույց են տալիս, որ Մադրիդում սպասվում է թեժ տրանսֆերային ամառ, որը կարող է անակնկալներ մատուցել նաև թիմի առաջատարների մասով։

Leave a Comment