Միջուկային զենք ունեցող պետությունների թվի աճն աշխարհը կդարձնի ապրելու համար շատ ավելի վտանգավոր վայր, մի սցենար, որից պետք է խուսափել։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Այս ամենը ինձ անհանգստացնում է, քանի որ կարծում եմ, որ 20 կամ ավելի միջուկային տերություններ ունեցող աշխարհը չափազանց վտանգավոր կլինի», – ասել է նա բրիտանական The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում։ Գրոսսին միջուկային սպառազինությունների հնարավոր մրցավազքը որակել է որպես իր «ամենավատ մղձավանջը»։ «Ինչ որ մի պահի մենք կտեսնենք ճեղք համակարգում։ Եվ այդ ժամանակ կսկսվի շղթայական ռեակցիա։ Սա շատ փխրուն իրավիճակ է», – նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։
Գրոսսին ընդգծել է, որ Եվրոպայի, Փոքր Ասիայի և Հեռավոր Արևելքի մի շարք երկրներ ներկայումս հանրային քննարկումներ են անցկացնում միջուկային զենք ունենալու հնարավորության վերաբերյալ։ Նա հավելել է, որ միջազգային կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է կանխել միջուկային զենքի չտարածման ռեժիմի փլուզումը։