Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը, չնայած նավթի գների բարձրացմանը շարունակվող շրջափակման պայմաններում: Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում:

«Նրանք ուզում են, որ ես այն բացեմ: Իրանցիները հուսահատորեն ուզում են, որ այն բացվի: Ես այն չեմ բացի մինչև համաձայնագրի ստորագրումը»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Գործակալությունը նշում է, որ նավթի գները բարձրացել են, քանի որ ԱՄՆ-ն պահպանել է նեղուցի շրջափակումը, իսկ Ռազմածովային ուժերը գրավել են իրանական նավ:

ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցի շրջանում գրավել էր իրանական նավ, ինչից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է «զինված ծովահենության» մեջ և խոստացել պատասխանել։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։

Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանը հրաժարվել էր մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։

Leave a Comment