Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ներողություն է խնդրել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում ստացած իր կարմիր քարտի համար։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցավարի սուլիչից հետո գնդակը չէր վերադարձրել մրցակցին, ինչի պատճառով հանդիպման 86-րդ րոպեին ստացել էր երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։ Այդ պահին լուսատախտակին 3-2 հաշիվն էր՝ հօգուտ մադրիդյան թիմի (երկու խաղերի ընդհանուր արդյունքում՝ 4-4), սակայն հեռացումից ընդամենը երեք րոպե անց մյունխենցիները խփեցին վճռորոշ գնդակը, իսկ ավելացված ժամանակում վերջակետ դրեցին դիմակայությանը՝ 4-3 (ընդհանուր՝ 6-4):
«Ես ինձ վրա եմ վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Ցանկանում եմ ներողություն խնդրել թիմից և բոլորից: Շնորհակալ եմ աջակցության համար»,- Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց մեկ օր անց սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Կամավինգան:
Հատկանշական է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ էր դուրս եկել 62-րդ րոպեին՝ փոխարինելով Բրահիմ Դիասին։