Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է տեղի ունեցել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։  Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ նշվեց, որ պայթյունը տեղի է ունեցել աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։

Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ երկու վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Նրա խոսքով՝ շնչառական օրգաններն ախտահարված չեն։

Leave a Comment