Բնականաբար ինչ արեցի ինձ չէր սազում, զղջում եմ․ Սարիկ Մինասյանը՝ երեկվա հայհոյանքների մասին

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել երեկվա «Վարչաբենդի» համերգից, որտեղ հայհոյում է քաղաքացիներին։ Տեսանյութի տակ քաղաքացիները կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան Մինասյանը հայհոյել է եւ վիրավորել օգտատերերին։

ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Սարիկ Մինասյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու էր երեկ հայհոյանքներ հնչեցնում քաղաքացիների հասցեին։

-Պարոն Մինասյան, երեկ դուք ձեր սոցէջում վիրավորական և հայհոյախառը արտահայտություններ էիք հնչեցնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր «Վարչաբենդի» համերգի մասին վատ մեկնաբանություններ էին հրապարակում։ Ինչու՞ եք թիրախավորում քաղաքացիներին և հայհոյախառը արտահայտություններ հնչեցնում։

Կներեք, բայց ես չեմ հարձակվել, ֆեյք էջերով հարձակվել էին իմ գրառման տակ՝ վատ մեկնաբանություններ թողնելով։ Տեսնելով, որ իմ հրապարակած տեսանյութը մեծ տարածում է գտնում և հավանության արժանանում, սկսեցին ֆեյք էջերով վատ մեկնաբանություններ գրել։

-Բայց պաշտոնյան պետք է զուսպ լինի և կարողանա հարգել քաղաքացիների կարծիքը, ինչու՞ էիք հայհոյանքներ հնչեցնում։

Այո՛, ճիշտ եք, ուղղակի մեր մենտալիտետով հայ տղամարդը երբեմն սառնասիրտ չի կարողանում լինել, և արձագանքը վատն է ստացվում։

-Զղջու՞մ եք ձեր արածի համար։

Այո՛, իհարկե։ Քիչ հետո ես հայտարարությամբ հանդես կգամ։ Ուղղակի իրենց գրածների համեմատ իմ գրածը կարելի է հայհոյանք չհամարել։ Բնականաբար ինչ արեցի ինձ չէր սազում, ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր չպետք է կարդային այդ ամենը, ուղղակի բարկացնում է նաև այն, որ թիրախավորում են ոչ միայն քեզ, այլև քո ընտանիքը, քո հարազատներին։ Դրա համար սադրանքին տրվում ես, որը բնականաբար չպետք է լինի։

-Նախընտրական ժամանակահատված է, մթնոլորտը լարված, այսինքն պետք է ամեն օր նման իրավիճակի՞ ականատես լինի հանրությունը։

Ո՛չ, ես կոչ եմ անում բոլորին քաղաքական նկատառումներից ելնելով իրենց հակառակորդներին չթիրախավորել, սա չդարձնել ամենօրյա խնդիր։

-Իսկ հեռացրե՞լ եք մեկնաբանությունները։

Այո՛, հեռացրել եմ, իրենք ավելի վատ բառեր են գրում, գրում են, հետո փոխում իրենց գրառումը՝ դրանով սադրելով մեզ։

 

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

Leave a Comment