Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը։
Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման ենթարկված 17 անձանցից 15-ի նկատմամբ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի միջնորդություն։
Երկու անձի՝ «Տաշիր պիցցա» պիցցերիայի ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել կալանավորելու վերաբերյալ։ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանության, իսկ Բաղումյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցող իրավական գործընթացները որակել է որպես քաղաքական հետապնդում՝ պնդելով, որ սա իշխանությունների խուճապի դրսևորումն է ընդդիմադիր ակտիվության ֆոնին։
