Ֆիդանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում զգալի առաջընթացի մասին է հայտնել

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նախարարի խոսքով՝ երկու կողմերն էլ անկեղծորեն ձգտում են խաղաղության հասնել։ «Երկու կողմերն էլ անկեղծ են խաղաղության ձգտումներում։ Վերջնական համաձայնագրի կնքմամբ տարածաշրջանը շատ ավելի կայուն կդառնա», – նշել է նա։

Ֆիդանը շեշտել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է առաջ մղել նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարելավման գործընթացը և ամրապնդել տարածաշրջանային կապերը։

Թուրքիայի ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է «Միջին միջանցքի» և «Զանգեզուրի միջանցքի» դերը։ Նրա ձևակերպմամբ՝ այդ նախագծերն առանցքային նշանակություն ունեն առևտրի և էներգետիկ անվտանգության համար։ «Վերջնական համաձայնագրի դեպքում մենք դրական զարգացումներ ենք անկնալում հաղորդակցությունների, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ոլորտներում», – հավելել է Ֆիդանը։

Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հայ-ադրբեջանական հարաբերություններին ապրիլի 17-ին անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան փուլ առ փուլ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ համակարգված գործողություններով։

Ֆորումին Հայաստանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջիի հետ կայացած հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորությունները։

Leave a Comment