Հանրային քննարկման է դրվել աշխատանքային հարաբերությունները վերափոխող նոր օրենսդրական նախաձեռնություն։ Խոսքը «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացմանը և աշխատանքի կազմակերպման առավել ճկուն մեխանիզմների ներդրմանը։ Նախագծի առանցքում աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղելիության ապահովումն է։
Նախագծով առաջարկվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։ Այն հնարավորություն կտա մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողներին օրական որոշակի ժամանակ հատկացնել երեխային դպրոց կամ մանկապարտեզ ուղեկցելու կամ այնտեղից վերցնելու համար։
Ծնողական ժամը տրամադրվում է մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե, երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը մեկ ժամ։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։
Նախագծի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է ճկուն աշխատանքային գրաֆիկին։ Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ աշխատողն ու գործատուն կարող են փոխադարձ համաձայնությամբ սահմանել աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը։
Թեմայի շուրջ զրուցել ենք ԱՍՀՆ
աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Լյուբով Գևորգյանի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։
Մանրամասները տեսանյութում