ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Էդիկ Հակոբյանը կազմակերպության գույքը վաճառել է շուկայականից շուրջ երեք անգամ ցածր գնով՝ պատճառելով մոտ 15,2 մլն դրամի վնաս

2026 թվականի ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» կազմակերպության նախագահի պաշտոնում լիազորությունները չարաշահելու և կազմակերպությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար։։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։ Գործը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է Գլխավոր դատախազությունից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Էդիկ Արշիկի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա հանդիսանալով «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, իրեն վերապահված լիազորություններն օգտագործել է ի վնաս կազմակերպության շահերի, ինչի արդյունքում Կազմակերպությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այսպես.
Էդիկ Արշիկի Հակոբյանը, 2021 թվականի ապրիլի 12-ից հանդիսանալով Կազմակերպության նախագահը, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության կանոնադրության «6.3.» կետով ունենալով կազմակերպության սեփականությունն ու ֆինանսական միջոցները կառավարելու, 2.500.000 ՀՀ դրամ և ավել արժեք ունեցող գույքերը կենտրոնական խորհրդի համաձայնությամբ տնօրինելու լիազորություններ, դրանք Կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, միջոցներ չձեռնարկելով հողամասի շուկայական արժեքի պարզման, ինչպես նաև դրա օտարման վերաբերյալ հայտարարություններ տալու ձևով պոտենցիալ գնորդների հնարավորինս լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ, 2023 թվականի ապրիլի 6-ին հրավիրել է Կազմակերպության կենտրոնական խորհրդի նիստ և խորհրդի հաստատմանն է ներկայացրել Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի 59/61 հասցեում գտնվող և Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող 0.3 հա մակերեսով, N կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը «Քրիստ-Ալ Հաուզ» ՍՊ ընկերության առաջարկած՝ 36.000.000 ՀՀ դրամով այդ ընկերությանը վաճառելու առաջարկությունը, այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածում գույքի շուկայական արժեքը եղել է 99.240.000 ՀՀ դրամ:

Էդիկ Հակոբյանի կողմից իր լիազորությունները Կազմակերպության շահերին ի վնաս օգտագործելու արդյունքում Կազմակերպության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 63.240.000 ՀՀ դրամ գույքային վնաս, քանի որ Կազմակերպությանը պատկանող 99.240.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը վաճառվել է շուրջ 3 անգամ էժան գնով՝ 36.000.000 ՀՀ դրամով:

Բացի այդ, Էդիկ Հակոբյանը, 2021 թվականի ապրիլի 12-ից հանդիսանալով Կազմակերպության նախագահը, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության կանոնադրության «6.3.» կետով ունենալով կազմակերպության սեփականությունն ու ֆինանսական միջոցները կառավարելու, 2.500.000 ՀՀ դրամ և ավել արժեք ունեցող գույքերը կենտրոնական խորհրդի համաձայնությամբ տնօրինելու լիազորություններ, դրանք Կազմակերպոթյան շահերին հակառակ օգտագործելով, միջոցներ չձեռնարկելով հողամասի շուկայական արժեքի պարզման, ինչպես նաև դրա օտարման վերաբերյալ հայտարարություններ տալու ձևով պոտենցիալ գնորդների հնարավորինս լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ, 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հրավիրել է Կազմակերպության կենտրոնական խորհրդի նիստ և խորհրդի հաստատմանն է ներկայացրել Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի 59/60 հասցեում գտնվող և Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող 0.05 հա մակերեսով, N կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն իր դստեր ամուսնու քրոջը՝ Հռիփսիմե Վալերիկի Ապրեսյանին, 4.280.000 ՀՀ դրամով (առկա է եղել նաև հողամասի կադաստրային արժեքի՝ 2.220.900 ՀՀ դրանի վճարման պայման) օտարելու առաջարկությունը, այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածում գույքի շուկայական արժեքը եղել է 21.720.000 ՀՀ դրամ։

Էդիկ Հակոբյանի կողմից իր լիազորությունները Կազմակերպության շահերին ի վնաս օգտագործելու արդյունքում Կազմակերպության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15.219.100 ՀՀ դրամ գույքային վնաս, քանի որ Կազմակերպությանը պատկանող 21.720.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը վաճառվել է շուրջ 3 անգամ էժան գնով՝ ընդհանուր՝ 6.500.900 ՀՀ դրամով:

Կիրառված խափանման միջոցը, գործի հետագա ընթացքը

Նիկոլայ Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում: Գործը վարույթ ընդունելու և դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Էդիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/։

Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս

Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

Նախատեսվող պատիժը՝

պատժվում է՝

  • տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
  • ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
  • կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ
  • ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

 

Leave a Comment