Ամերիկյան Politico պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Բահրեյնից, Ադրբեջանից և Ինդոնեզիայից ԱՄՆ պետական դեպարտամենտին հասցեագրված դիվանագիտական գաղտնի փաստաթղթեր: Այդ մասին հայտնել է ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը:
Այդ գրություններում ընդգծվում է, որ Իրանի դեմ պատերազմը «վնասում է մուսուլմանական երկրներում ԱՄՆ վարկանիշին և վնասում անվտանգության ոլորտում նրա հարաբերություններին»:
Կոնկրետ Ադրբեջանի մասին ասվել է, որ «Իրանի հետ պատերազմը կարող է վտանգել այն հաջողությունները, որ ձեռք են բերվել, երբ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա օգոստոսին միջնորդել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գագաթաժողովը:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ընդգծել է, որ դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցները «սկսել են Միացյալ Նահանգները ներկայացնել դրական լույսի ներքո և բնակչության շրջանում նկատվել է պրոամերիկյան տրամադրությունների աճ»:
Բաքվում հավարմագրված ամերիկացի դիվանագետները արձանագրել են, որ Իրանի դեմ ԱՄՆ հարձակման առաջին ամսվա ընթացքում «ադրբեջանական մամուլը չեզոքություն է պահպանել, բայց ապրիլին հռետորաբանությունը կտրուկ փոխվել է, և լրատվամիջոցների մեծ մասը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում են հակամարտություն հրահրելու և այն հաղթահարելու ռազմավարության բացակայության մեջ:
Որպես ամփոփում, Բաքվից ԱՄՆ պետդեպարտամենտին հղած փաստաթղթում ասվել է, որ «չնայած Վաշինգտոնի հասցեին քննադատությանը, Ադրբեջանում Իրանի հանդեպ համակրանքի աճ չի արձանագրվել»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, ապա դիվանագետներն արձանագրել են, որ դրանք «վերելքից իջել են զրոյական մակարդակի, իսկ ավելի կոնկրետ՝ սկսել են վատթարանալ»:
Դժվար է ասել, թե ամերիկյան պարբերականի տեղեկությունները որքանով են հավաստի, բայց տվյալ դեպքում ավելի էական է ոչ այնքան հրապարակման, որքան որ Բաքվի իշխանամետ լրատվամիջոցի կողմից դրա բավական մանրամասն հրապարակայնացումը:
Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների համար այդ տեղեկության տարածումը ցանկալի է: Թե ի՞նչ է թաքնված դրա տակ, կարելի է տարբեր ենթադրություններ անել: Ավելի վաղ նկատել ենք, որ Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից, մեղմ ասած, ոգևորված չեն: