Հորմուզի նեղուցը բաց է, բայց շրջափակված․ բանակցություններն առջևում են

Լիբանանի ու Իսրայելի միջև տասնօրյա հրադադարի համաձայնությանը զուգահեռ բացվել է նաև Հորմուզի նեղուցը։ Յոթ շաբաթ տևած դադարից հետո մասնակի բացվել է նաև Իրանի օդային տարածքը։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իրանի օդանավակայաններում թռիչքները աստիճանաբար վերականգնվում են։

Իրանի օդային տարածքը փակ էր փետրվարի 28-ից՝ պատերազմը սկսվելուց ի վեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել։

Իրանի հետ բանակցություններում դրական նորությունների մասին է հայտարարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսքը Հորմուզի նեղուցի վերաբացման մասին է։ Նախագահական ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփն ասել է․

«Մենք բավականին լավ լուրեր ստացանք, կարծես Իրանի հետ կապված Մերձավոր Արևելքում ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մենք բանակցություններ ունենք շաբաթավերջին։ Եվ ինչպես գիտեք մեր շրջափակումը շատ հաջող է ստացվել։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա։ Այս հարցերից շատերը բանակցվել և համաձայնեցվել են»։

Լրագրողի հարցին, թե ինչ կանի, եթե հաջորդ շաբաթ հրադադարի ժամկետի լրանալուց հետո համաձայնագիր չլինի, Թրամփը պատասխանել է, որ նախապես չգիտի թե ինչ կանի՝ կերկարաձգի հրադադարը, թե՞ կվերսկսի հարձակումները․

«Չգիտեմ։ Գուցե չերկարաձգեմ հրադադարը։ Բայց շրջափակումը կմնա և, ցավոք, գուցե մենք ստիպված կլինենք նորից ռումբեր նետել»։

Հորմուզի նեղուցը բաց հայտարարելուց հետո, Թեհրանը սպառնում է, որ կրկին կփակի այն, եթե ԱՄՆ-ն շարունակի իրանական նավերի և նավահանգիստների շրջափակումը։ Այդ մասին X-ում  գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իրանը համարում է, որ շրջափակումը հրադադարի խախտում է։ Իրանցի որոշ պաշտոնյաներ սպառնացել են, որ առաջիկա ժամերին հակառակորդը կհամոզվի, որ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը։ Իրանցի խորհրդարանականներն էլ հայտարարում են, որ Հորմուզի նեղուցով կարող են անցնել միայն ոչ թշնամական երկրների նավերը՝ տուրքեր վճարելուց հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդում է, որ Իրանը չի կարող հարկեր գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։

«Ո՛չ։ Ոչ մի դեպքում… Երբ ասում եմ ՝սահմանափակում չկա, նշանակում է չի կարող լինել վճար անցման համար։ Ո՛չ, անցման համար վճար չի լինի»։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին ազատ կլինի և՛ Իրանի ու ԱՄՆ-ի, և՛ Իսրայելի ու Լիբանանի միջև հաստատված հրադադարի ընթացքում։

ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի այդ հայտարարությունը։

Նավթի համաշխարհային շուկան անմիջապես արձագանքել է Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումները վերականգնվելու մասին հայտարարություններին։ Ըստ այդմ՝ նավթի գները համաշխարհային շուկաներում մոտ տասը տոկոսով նվազել են։

ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է նաև, որ Իրանի հետ սպասվող բանակցությունների ժամանակ քննարկվելիք որոշ հարցեր արդեն համաձայնեցված են իրանական կողմի հետ, այդ թվում նաև այն, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ի պատասխան, հստակեցնում է, որ իրանական հարստացված ուրանը ոչ մի տեղ չի տեղափոխվի։

«Այն ինչ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցներն ու ամերիկացի պաշտոնյաները, չի կարող հաստատվել։ Տեղեկացնում եմ, որ Իրանից հարստացված ուրանը ոչ մի տեղ չի տեղափոխվելու: Որքան էլ որ Իրանի հողը կարևոր և սրբազան է մեզ համար, այս հարցը նույնպես կարևոր է»:

Իսկ Հորմուզի նեղուցում իրանական նավերի և նավահանգիստների շրջափակումը շարունակելու մասին Թրամփի հայտարարություններին ի պատասխան՝ Բաղային ասել է, որ Իրանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։

Միջազգային մամուլը գրում է, որ Հորմուզի նեղուցի բացվելուց հետո տանկերների մի ամբողջ շարասյուն է դուրս եկել Պարսից ծոցից։

Ի դեպ՝ հրադադարի ընթացքում նեղուցով կարող են անցնել միայն առևտրային նավերը։ Ռազմական նավերի մուտքն արգելված է։

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հորմուզի նեղուցի բացման հարցին և Իրանի տարածքով լոգիստիկ շղթաներն ընդլայնելու անհրաժեշտության մասին է խոսել՝ «Գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, կարծես թե, առաջընթացի դինամիկա են ցույց տալիս։ Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, քանի որ դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»։

Կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ երկաթուղային կապ արդեն առկա է՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով և եթե Իրանի տարածքով ապրանքներ ներկրելու խնդիր առաջանա, ապա ըստ Փաշինյանի գործարարները կարող են նշված ուղղությամբ ներկրում ապահովել։

Leave a Comment