Ինչո՞ւ են Արման Ծառուկյանին իջեցրել ինքնաթիռից. American Airlines-ը պարզաբանում է տարածել


Սպորտ


Ինքնաթիռից Արման Ծառուկյանին իջեցնելու սկանդալային դեպքը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում ու մամուլում։ Չվերթն իրականացնող ամերիկյան American Airlines ավիաընկերությունը տարածել է պաշտոնական պարզաբանում, թե ինչու է  Արման Ծառուկյանին և նրա թիմակիցներին հեռացրել օդանավաից։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը պատրաստվում էր Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնել, միջադեպից հետո ստիպված է եղել օգտվել մասնավոր օդանավի ծառայություններից։

Ծառուկյանն ու նրա ընկերներն ինքնաթիռի տեղաշարժման ժամանակ կանգնած են եղել միջանցքում և հրաժարվել են նստել իրենց տեղերը։ Անձնակազմի անդամները խնդրել են ուղևորներին զբաղեցնել նստատեղերը, ինչից հետո անտեսման պատճառով որոշում է կայացվել վերադառնալ նստեցման տեղամաս։

«Ապրիլի 16-ին American Airlines-ի 513 չվերթը վերադարձել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի նստեցման գոտի այն ուղևորների պատճառով, որոնք հրաժարվել են ենթարկվել դաշնային կանոններին։ Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է, և մենք ակնկալում ենք, որ մեր ուղևորները կհետևեն անձնակազմի ցուցումներին, այդ թվում՝ կմնան իրենց տեղերում ինքնաթիռի տեղաշարժի ընթացքում»,- գրում է միջազգային մամուլը՝ վկայակոչելով ավիաընկերության տարածած հայտարարությանը։ 

Նստեցման գոտի վերադառնալուց հետո չորս ուղևոր, այդ թվում՝ Ծառուկյանը, հեռացվել են չվերթից, իսկ ինքնաթիռը դրանից կարճ ժամանակ անց մեկնել է Ֆիլադելֆիա։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ծառուկյանին իջեցրել են օդանավից, քանի որ թռիչքի պատրաստման ընթացքում օգտվել է բջջային հեռախոսից։ 


Leave a Comment