Արմավիրի մարզում գյուղացիները սկսել են վար ու ցանքը: Վաղարշապատցի հողագործները վաղահաս կարտոֆիլն արդեն ցանել են, սպասում են ելակի առաջին բերքին: Իսկ ջերմոցներում բանջարեղենի ու ծաղիկների մշակությունը չի դադարում նույնիսկ ձմռանը: Գեղակերտում հիմնական մշակաբույսը ելակն է, որն աճեցնում են և՛ պոլիէթիլենային թաղանթի տակ, և՛ բաց դաշտում:
Երևան-Արմավիր մայրուղու հարևանությամբ դաշտերի մի մասը թավշյա կանաչ է, մի մասն էլ՝ ծածկված պոլիէթիլանային թաղանթներով, որոնց տակ ելակի սածիլներ են: Գեղակերտցի բանջարաբույծները ձմռանն են սկսում հողի հետ աշխատանքը․ կարտոֆիլ են ցանում, հետևում ելակի սածիլների աճին: Եղանակային պայմանները գործը փոքր-ինչ հետաձգել են: Անդրանիկ Առաքելյանը 2 հա հող ունի, որից կես հեկտարի վրա ելակ է մշակում:

«Սկսում ենք սածիլել օգոստոս ամսին, ավարտում՝ հունիսին: Այս ելակը համարվում է ամսական, այսինքն՝ 8 ամիս աշխատում ենք, մեկ ամիս հավաքում, հետո քանդում»:
Գեղակերտում երկու սորտի ելակ են մշակում՝ «Ալբիոն» ու «Ազիան»․ առաջինը տարեկան մշակության ելակն է, երկրորդը՝ ամսական: Երկու սորտերն էլ նախորդ տարվա ամռան վերջին են սածիլում, իսկ բերքը հավաքում հաջորդ տարում: Ելակ մշակելն աշխատատար է:
«Պարարտացնում ենք, 3 անգամ բուժում, քաղհան անում: Ես հողը պարարտացնում եմ կալիումի նիտրատ պարարտանյութով: Քաղհանը սկսում ենք, երբ եղանակը տաքանում է: Հիմա սկսել ենք այստեղ՝ բաց դաշտում, իսկ ջերմոցինն արդեն վերջանում է»:
Օգնող աշխատուժը քաղհանն անում է ժամավարձով. աշխատում են 7-8 ժամ ու ստանում 6000-7000 դրամ: Հողագործները պարարտանյութը ձեռք են բերում շուկայից: Արմավիրի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանն ասում է, որ գյուղատնտեսական սեզոնին այգեգործներն ու բանջարաբույծները նախօրոք են պատրաստվել:

«Հունվար ամսվա ընթացքում են ջերմոցային տնտեսությունները նախապատրաստվել. ձեռք է բերվել տորֆ, անհրաժեշտ քանակությամբ բանջարանոցային մշակաբույսերի սերմացու, կարտոֆիլի տնկանյութ, բամամյա տնկարքների համար արմատակալներ և տնկիներ: Պոլիէթիլենային թաղանթի տակ ավարտվել է ելակի, բանջարեղենի, տարբեր տեսակի ցանքի և սածիլների աշխատանքները»:
Մարզում շուրջ 1600 հա տարածքի վրա՝ պոլիէթիլենային թաղանթների տակ, բանջարեղեն է մշակվում: Գեղակերտի հողագործները ինքնահոս եղանակով են ոռոգում հողերը: Այստեղ ոռոգման շրջանն ավելի վաղ է սկսվում: Ջուրօգտագործողների ընկերությունը փետրվարից է ջուր տալիս հող մշակողներին: Ջրի խնդիր չունենք՝ ասում է Անդրանիկը՝ ցույց տալով հոսող ջուրը:
«Մի շաբաթ առաջ ենք ջրել այս հողը, բայց ջուր եղել է, այնպես չէ, որ ջուր չի եղել: Երբ պետք է, այն ժամանակ ենք ջրում: Ելակը մենք ջրում ենք ամեն բերքահավաքից հետո՝ 3 օրը մեկ, ինչպես բանջարաբոստանային մշակաբույսերը: Դե, հավաքում ենք, վերջացնում ու ջրում ենք: Պայմանագիր դեռ չենք կապել, երբ սկսվում է ոռոգման սեզոնը՝ այն ժամանակ»:
Արմավիրի մարզում սովորաբար ոռոգման շրջանը սկսվում է ապրիլի վերջին: Հողագործներն այդ ընթացքում են պայմանագրեր կնքում ջուրօգտագործող ընկերությունների հետ: Անդրանիկի խոսքով՝ անցած տարի ելակի 1 հա ոռոգման արժեքը եղել է 105 հազար դրամ: Ելակի իրացման խնդիր գրեթե չկա: Բերքահավաքի սկզբին, ասում է, բերքն ավելի թանկ են վաճառում, հետո գինը նվազում է:

«Մենք տալիս ենք գնորդներին. իրացնողն իրացնում է, մենք արտադրում: Բերքը մեծածախ գնով միանգամից իրացվում է հողից: Գինը տարբեր է, շուկան է որոշում: Անցած տարի 3 կգ՝ 3000 դրամ էր, 1 կգ-ը՝ 1000 դրամ, էլի, 800 դրամ, 1000 դրամ, նայած ժամանակ»:
Ելակի կողքին Անդրանիկը բաց դաշտում մշակում է նաև կարտոֆիլ, որի սերմացուն հողն է դրել փետրվարին: Պոլիէթիլենային թաղանթների տակ ծաղկած ելակը հավաքելու են մայիսին, իսկ բաց դաշտինը՝ հունիսին: Ելակ մշակողների մտավախությունը սովորաբար ցրտահարությունն է, որի հետևանքով ավելանում են ծախսերը, ու վնասվում է բույսը: Մինչև հիմա այդպիսի դեպք չի եղել: