ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են կյանքի կոչել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում։
«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունեինք, որը էականորեն ընդհատվել էր կամ քչացել էր։ Եվ մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն նախկինում ունեցած ռազմատեխնիկական պայմանավորվածություններն իրագործել»,- նշել է նա։
Մինչ այդ վարչապետը մեկնաբանելով հանդիպման հրապարակային հատվածում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, դրական էր գնահատել և հայտնել, որ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմատեխնիկական ոլորտում։
Փաշինյանը նաև նշել էր, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները բխում են ՀՀ շահերից, չնայած նրան որ ԶԼՄ-ները գրել էին, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայ գործարարները դժգոհել էին վարչապետին ընտրած քաղաքական կուրսի համար։
Այս հայտարարությունը հնչում է ռուսական կողմից ձեռնարկվող որոշակի քայլերի ֆոնին, որոնք առնչվում են բիզնես միջավայրին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ջերմուկ»-ի շուրջ վերաբացված դատական գործընթացներին և Պռոշյանի գործարանին լիցենզիայից զրկելու հայցին։
