Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական շփումներ։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ին նախ կարճատև, ապա երկարատև առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը նաև պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին։ Այս շփումները միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում են։ Սիմոնյանն իր ելույթում խոսել է ոչ միայն խաղաղության ձեռքբերումներից, այլև՝ մարդասիրական զգայուն հարցերից, որոնց առնչությամբ ՄԻԵԴ-ը նոր որոշում է հրապարակել։
Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում, որն անցկացվում է Ստամբուլում, Հարավային Կովկասում խաղաղության ուղղված քայլերը Թուրքիայի նախագահը ներկայացնում է որպես օրինակ։ Էրդողանը սա ասում է Դոլմաբահչե պալատում՝ Ստամբուլում գտնվող խորհրդարանական պատվիրակությունների պատվին կազմակերպած ընթրիքին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության թեման Ստամբուլում շոշափվել է ինչպես վեհաժողովի նիստերին, այնպես էլ առանձնազրույցներում։ Այս վեհաժողովը խորհրդարանական դիվանագիտության ամենախոշոր հարթակներից է, որին քննարկվում են գլոբալ անվտանգությունը և ժողովրդավարությունը։ Մասնակիցների թիվը այս անգամ շուրջ 2400 է 160 երկրից։ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները երկկողմ շփումների առիթը բաց չեն թողել։
Արարողակարգային ձեռքսեղմումներ, լուսանկարահանում, ապա մոտ մեկ ժամ տևած հանդիպում Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև և հարաբերությունների կարգավորման քննարկում՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդման քայլեր, առևտրային կապերի ընդլայնում, բայց նախ՝ հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդում։ Ալեն Սիմոնյանը վեհաժողովում արձանագրված ձեռքբերումների կողքին խոսել է նաև դեռ չլուծված խնդիրների մասին։
«Միևնույն ժամանակ դեռս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն»։
Գերիների հարցը օրակարգային է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի համար։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները՝ հայտնում են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ից։
«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային»։
ՄԻԵԴ-ը 2026թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ այդ երկրին կրկին պարտավորեցնելով տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, նրանց վերջին բժշկական քարտերի, բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ: ՄԻԵԴ-ը պահանջել է նաև մինչև 2026թ․ օգոստոսի 31-ը ներկայացնել հայ գերիների դատավճիռների պատճենները կամ դատավճիռների ամփոփագրերը դատավորների հիմնավորումներով և գործում առկա ապացույցներով։
Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չլուծված զգայուն հարցերը քննարկվել են նաև Բաքվում՝ ասում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից, ադրբեջանական Գաբալայում անցկացված հանդիպումներից օրերս վերադարձած քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։ Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը անդրադարձել են հայ գերիներին խնդրին։
«Սահմանազատման հարցով էլ, ապաշրջափակման մասով էլ, անգամ մեր գերիների հետ կապված էլ առաջարկներ եղել են, և այդ մասով էլ մենք որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունենք։ Առնվազն չորս հոգի Հիքմեթ Հաջիևին տարբեր կողմերից հարցեր է ուղղել։ Որոշակի առումով պրոցեսները շատ չեն արագանում` պայմանավորված Հայաստանի ներքաղաքական իրավիճակով։ Նրանք հասկանում են, որ Հայաստանի իշխանություններն այս պահին կենտրոնացած են ներքաղաքական օրակարգի վրա, բայց ծրագրեր կան, և այդ ծրագրերը մշակման փուլում են»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ Հայաստանն ընդունել է իր պատասխանատվությունը խաղաղություն կերտելու հարցում։
«2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը»:
Հայաստանի ԱԺ նախագահը խոսել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մասին։
«Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական և գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին»:
Հայաստանի ԱԺ նախագահի խոսքով՝ հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, և դա պետք է արվի ողջամտորեն։