Պայքար հանուն տվյալների վերահսկողության․ ԵՄ-ն ճնշում է Google-ին նոր կանոններով

Եվրոպական միությունը շարունակում է խստացնել վերահսկողությունը տեխնոլոգիական հսկաների նկատմամբ։ Այս անգամ Բրյուսելը պահանջում է, որ Google-ը բացի իր որոնողական տվյալները մրցակիցների համար։ Այսպիսով՝ միությունը փորձում է խթանել մրցակցությունն ու սահմանափակել շուկայում գերիշխող դիրքը։ Սակայն ընկերությունը ընդդիմանում է և զգուշացնում՝ նման քայլը կարող է վտանգել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը։

Եվրոպական հանձնաժողովը նոր պահանջ է ներկայացրել ամերիկյան տեխնոլոգիական հսկաներից մեկին՝ Google-ին։ Հանձնաժողովը փորձում է ստիպել ընկերությանը բացելու որոնողական տվյալները մրցակից հարթակների, այդ թվում՝ արհեստական բանականությամբ աշխատող չաթ-բոտերի համար։ Նախաձեռնությունը բխում է ԵՄ-ի «Թվային շուկաների մասին» օրենքից (DMA) և նպատակ ունի հավասար մրցակցային պայմաններ ապահովելու թվային շուկայում։

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն՝ առաջարկը ներառում է տվյալների փոխանցման ծավալների, մեխանիզմների և պարբերականության հստակ սահմանումներ, ինչպես նաև անձնական տվյալների ապանույնականացման ընթացակարգերի և հասանելիության պայմաններ։

Եվրահանձնաժողովի պատկերացմամբ՝ այսպես կոչված «տվյալների շահառուները»՝ մրցակից որոնողական համակարգերը, կկարողանան բարելավել իրենց ծառայությունները և իրական մրցակցություն ստեղծել Google-ի համար։

Սակայն ընկերությունը կտրուկ դեմ է այս պահանջին։ Ընկերության ներկայացուցիչ Քլեր Քելլին հայտարարել է. «Հարյուր միլիոնավոր եվրոպացիներ Google-ին վստահում են իրենց ամենանուրբ հարցումները՝ առողջության, ընտանիքի և ֆինանսների վերաբերյալ, իսկ հանձնաժողովի առաջարկը մեզ կստիպի այդ տվյալները փոխանցել երրորդ կողմերին՝ վտանգավոր թերի պաշտպանությամբ»։

Google-ի և ԵՄ-ի միջև հակասությունները նոր չեն։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ դեռևս 2025 թվականի մարտին ընկերությանը մեղադրանքներ էին առաջադրվել «Թվային շուկաների մասին» օրենքը խախտելու համար, իսկ Google-ի առաջարկած լուծումները մրցակիցները անբավարար էին համարել։

Այն ժամանակ Google-ի իրավաբանական թիմը նշել էր. «Առաջարկվող միջոցառումները չափազանցված են և վտանգում են օգտատերերի գաղտնիությունը»։

Փորձագետները նկատել են, որ տեխնոլոգիական հսկայի համար այս պայքարը նաև ֆինանսական լուրջ հետևանքներ ունի։ 2017 թվականից ի վեր Google-ը Եվրոպայում շուրջ 9 միլիարդ 700 միլիոն եվրո տուգանք է վճարել հակամենաշնորհային խախտումների համար։ Եվ դա դեռ ամբողջը չէ։ Ըստ Deutsche Welle-ի, 2025 թվականին Եվրահանձնաժողովը ընկերությանը տուգանել է ևս 2 միլիարդ 950 միլիոն եվրոյով՝ առցանց գովազդի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար։ Եվրահանձնաժողովի որոշման հիմնավորումն է մեջբերել պարբերականը.

«Google-ը տարիներ շարունակ իր ծառայությունները օգտագործել է մրցակիցների հաշվին՝ խախտելով արդար մրցակցության սկզբունքները»։

Բացի վարչական տուգանքներից, Google-ը պարտություններ է կրել նաև դատական հարթակներում։ Եվրոպական դատարանները ևս աջակցել են կարգավորող մարմիններին։ Օրինակ՝ Լյուքսեմբուրգում գործող ԵՄ դատարանը հաստատել է, որ Google-ը պետք է 2 միլիարդ 400 միլիոն եվրո վճարի որոնման արդյունքներում սեփական ծառայություններին առավելություն տալու համար։

Ահա թե ինչ է արձանագրել դատարանը. «Ընկերությունը իր գերիշխող դիրքը օգտագործել է շուկայում անարդար առավելություն ապահովելու համար»։

Միաժամանակ, ԵՄ-ն նոր հետաքննություններ է նախաձեռնում։ Դրանցից մեկը վերաբերում է YouTube-ի բովանդակության օգտագործմանը արհեստական բանականության մոդելների ուսուցման համար։ Կարգավորող մարմինները փորձում են պարզել՝ արդյոք Google-ը բովանդակության ստեղծողներին չի՞ պարտադրում անհավասար պայմաններ և չի՞ սահմանափակում մրցակիցների հնարավորությունները։

Ըստ ընթացակարգի՝ շահագրգիռ կողմերը կարող են իրենց կարծիքները ներկայացնել մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, իսկ վերջնական որոշումը սպասվում է հուլիսին։

Ըստ որոշ փորձագետների՝ այս ամենը ցույց է տալիս, որ ԵՄ-ն փորձում է ոչ միայն կարգավորել առկա շուկան, այլև կանխել ապագա հնարավոր մենաշնորհները՝ հատկապես արհեստական բանականության արագ զարգացող ոլորտում։

DW-ի վերլուծաբանները նկատում են, որ Google-ի և ԵՄ-ի միջև ընթացող պայքարը դուրս է գալիս պարզապես իրավական վեճի շրջանակներից և ակնհայտ է դառնում, որ ԵՄ-ն և տեխնոլոգիական հսկաները մտնում են նոր՝ ավելի կոշտ փուլ, որտեղ հիմնական հարցը տվյալների վերահսկողությունն է։

Leave a Comment