Հորմուզի տոտալ պաշարումը ԱՄՆ-ի կողմից արագացրեց բանակցությունների մեկնարկը. Շահան Գանտահարյան

Հորմուզի տոտալ պաշարումը ԱՄՆ-ի կողմից արագացրեց բանակցությունների մեկնարկը. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Իրան-ԱՄՆ բանակցությունները կարծես վերսկսվում են. նշմարվում է երկրորդ փուլը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Արդյո՞ք այս անգամ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի և փաստաթուղթ ստորագրել։

– Դժվար է ասել, թե կգան վերջնական համաձայնության։ Գործընթացը կընթանա փուլային տարբերակով, ինչպես նախկինում։ Բայց թվում է, որ առանցքային հանգույցի՝ Հորմուզի նեղուցի հարցով որոշակի համաձայնության հանգելու նախատրամադրվածություն կա։

– ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե համաձայնություն չձեռքբերվի, մարտերը կվերսկսվեն։ Սա զուտ հռետորաբանությո՞ւն է, թե՞ իրապես պատրաստվում են պատերազմի վերսկսման։

– Կարծում եմ՝ սա ճնշում է՝ անպայման համաձայնության գալու համար։ Նման հռետորաբանությունը բանակցային գործընթացի մաս է և կիրառվում է գրեթե յուրաքանչյուր հանդիպումից առաջ։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները։ Արդյո՞ք նրանց կհաջողվի համաձայնության գալ։

– Դա ուղղակիորեն կապված է Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացին։ Պարզ է, որ Իրանը թելադրել է «Հեզբոլլահին» համաձայնել հրադադարին, իսկ ԱՄՆ-ը՝ Իսրայելին։ Իսրայելը նախատեսում էր, որ հրադադարի պարտադրանք կլինի, դրա համար էլ վերջին օրերին ինտենսիվացրել էր հարձակումները։ Այժմ ձևավորվել է անվտանգության գոտու նոր ստատուս քվո, և այս պայմաններում կընթանան բանակցությունները։

– Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բացումն անում է նաև Չինաստանի համար, և այնտեղ ուրախ են իր քայլից։ Իրականում այդպե՞ս է։

– Թրամփի կողմից Հորմուզի տոտալ պաշարումն ազդանշան էր, որ կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։ Եթե Իրանը Հորմուզի մասնակի փակումով տնտեսական հարված էր հասցնում ԱՄՆ-ին և դաշնակից պետություններին, ապա տոտալ շրջափակումը, ըստ էության, կասեցրեց Իրանի նավթարդյունաբերությունը և տնտեսական հարված հասցրեց Չինաստանին։ Պեկին մեկնելուց առաջ Թրամփն այս կերպ առավելություններ է ձեռք բերում։

– Մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա ի՞նչ հետևանքներ կունենա այս իրավիճակը։

– Իրան-Արևմուտք համաձայնությունը Հարավային Կովկասում նոր ուղիներ կբացի Իրանի համար, որոնցից հիմնականը ՀՀ տարածքով անցնող ուղին է։ Բայց սա ուղղակիորեն կապված է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ, ինչը բանակցությունների օրակարգային հարցերից է։

– Այս իրավիճակն ինչպե՞ս կազդի ռուս-ուկրաինական ճակատի վրա։

– Չեմ կարծում, որ բեկումնային ազդեցություն կունենա։ Ուկրաինական ճակատը դեռևս իր անելիքն ունի ՌԴ հնարավորությունների կրճատման ընդհանուր աշխարհաքաղաքականության շրջանակներում։ Իրական հրադադար կլինի միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա տարածքների ու հանքավայրերի վերջնական բաշխում։

Արման Գալոյան

Leave a Comment