2025թ․ ընթացքում հակառակորդի կողմից սպանություններ չեն գրանցվել․ Արթուր Պողոսյան

2025թ․ բանակում ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ)։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։

Պողոսյանը նշել է, որ չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):

ՔԿ նախագահը ներկայացնելով կառույցի տարեկան գործունեությունը՝ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննվել է 90,931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85,341-ի համեմատ, այսինքն աճը կազմել է 5590 վարույթ կամ 6.5 տոկոս։ 90,931 քրեական վարույթից լուծվել է 69,694-ի ընթացքը՝ նախորդ տարվա 63,211-ի համեմատ, այսինքն ընթացքը լուծված գործերն աճել են 6483-ով կամ 10.2 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվն ավելացել է 2825-ով կամ 23.8 տոկոսով։ Այսպիսով, ավարտված 41,761 քրեական վարույթից 14,650-ը՝ 15,533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան (2024 թվականին՝ 11,825 քրեական վարույթ՝ 12,805 անձի վերաբերյալ)։

Ելույթի ընթացքում Արթուր Պողոսյանը անդրադարձել է նաև ավարտված և անավարտ գործերով պատճառված գույքային վնասների վերականգնմանը՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է աննախադեպ՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր դրամի վերականգնում, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 8 մլրդ 41 մլն 225 հզր դրամով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր դրամ)։

Leave a Comment